ՏԿԵ նախարարն ու ԵՊՀ ռեկտորը համագործակցության հուշագիր են ստորագրել

ՏԿԵ նախարարն ու ԵՊՀ ռեկտորը համագործակցության հուշագիր են ստորագրել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը այսօր Երևանի պետական համալսարանում մասնակցել է Երկրաբանի օրվան նվիրված միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

 

Նախարարը ողջունել և շնորհավորել է ներկաներին մասնագիտական տոնի առիթով՝ ընդգծելով երկրաբանություն մասնագիտության դերը, նշանակությունը, որը գնալով ավելի է կարևորվում, և այդ գործում մեծ է ԵՊՀ-ի դերը։ Նախարարի խոսքով՝ ճանապարհաշինությունից մինչև ջրամաբարաշինություն և այլ ոլորտներ մշտապես զգացվում է երկրաբանություն մասնագիտության անհրաժեշտությունը։ Հետևաբար պետք է խրախուսել մասնագիտության շուրջ հետաքրքրվածությունը և երիտասարդներին ներգրավվել այս ոլորտ։

 

 

Սանոսյանը նշել է, որ հայ երկրաբանների նպատակաուղղված ու նվիրված աշխատանքի շնորհիվ է, որ մեր երկիրն այսօր ունի հանքահումքային արդյունաբերության կայացած համալիր: «Հայաստանի Հանրապետությունն ունի հստակ քաղաքականություն և տեսլական հանքարդյունաբերության ոլորտի կարգավորման ու զարգացման նկատմամբ, որն ամրագրվեց 2023 թվականին Կառավարության կողմից ընդունված Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությամբ։ Ես լավատես եմ, որ առաջիկայում ԵՊՀ-ի հետ համագործակցությամբ մենք կկարողանանք կյանքի կոչել ռազմավարությամբ ամրագրված մի շարք կետեր»,- իր ելույթում ասել է նախարարը։

 

Այնուհետև նախարար Սանոսյանը երկարատև, բարեխիղճ և նվիրված աշխատանքի համար շնորհակալագրեր է հանձնել ոլորտում ավանդ ունեցած մի շարք երկրաբանների։

 

Միջոցառման երկրորդ հատվածում ՏԿԵ նախարարն ու ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որը ենթադրում է համատեղ ուժերով նպաստել կրթության ոլորտի զարգացմանը, երիտասարդ մասնագետների համար ստեղծել տեսական և գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորություններ, հաստատել փոխշահավետ, բազմաբնույթ գործակցային հարաբերություններ, նպաստել բուհ-աշխատաշուկա կապերի ամրապնդմանը և կատարելագործմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում