ՀՀ դեսպանությունը հերքել է Մոսկվայի ահաբեկչությանը հայերի մասնակցության վերաբերյալ խոսակցությունները
Հայաստանի Հանրապետության դեսպանությունը խորը մտահոգություն է հայտնում «Դոժդ» հեռուստաալիքի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ, թե իբր հայերը ներգրավված են եղել «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական գործողությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։
«Վրդովեցուցիչ ենք համարում նման տեղեկատվության նպատակային տարածումը, որը չի համապատասխանում իրականությանը և ուղղված է Ռուսաստանում հակահայկական տրամադրությունների բորբոքմանը:
Ողբերգությունից անմիջապես հետո Հայաստանը հանդես եկավ խաղաղ քաղաքացիների դեմ իրականացված անմարդկային հանցագործությունը դատապարտող հայտարարություններով։ Երևանում մեր հայրենակիցները վաղ առավոտից հարգում են բոլոր զոհվածների հիշատակը՝ ծաղիկներ դնելով Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ:
Եվս մեկ անգամ խորին ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին: Մեր բոլոր մտքերն ու աղոթքները Ռուսաստանի ժողովրդի հետ են։Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկատվություն և կենտրոնանալ միայն պաշտոնական աղբյուրների վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ