Նախատեսվում է փոփոխություն կատարել Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջներում

Նախատեսվում է փոփոխություն կատարել Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջներում

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծը հեղինակել են պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանը, Արտակ Մանուկյանը, Տիգրան Ուլիխանյանը, Վարդան Աթաբեկյանը, Համազասպ Դանիելյանը և Երջանիկ Հակոբյանը:

Նախագծով առաջարկվում է փոփոխություն մտցնել Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջներում:

«Գործող կարգավորումը սահմանում է, որ Հաշվեքննիչ պալատի անդամ կարող են հանդիսանալ այն անձինք, որոնք ունեն աուդիտորի որակավորում, այդ ոլորտում գործունեության 5 տարվա փորձ, ընդ որում` 1 տարի աուդիտորական կազմակերպության ղեկավարի փորձ կամ Հաշվեքննիչ պալատի անդամի 3 տարվա փորձ, ինչպես նաև հանրային հատվածի ֆինանսական ոլորտում 10 տարվա փորձ, որից 5 տարին` ղեկավարի պաշտոնում: Առաջարկում ենք, որ անդամին ներկայացվող պահանջներում կատարվի փոփոխություն ու դիտարկվի ոչ միայն հանրային ֆինանսներում աշխատանքային փորձը, այլ նաև ընդհանրապես ֆինանսական հատվածում փորձի առկայությունը: Եթե անձն ունի ֆինանսական համակարգի 10 տարիների փորձ, որից 5 տարին` ղեկավար անձի փորձ, նաև աուդիտորի որակավորում, ապա հնարավորություն կունենա ներկայացված լինել, որպես Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու»,- նախագիծը ներկայացնելիս նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Եղիշե Սողոմոնյանը:

Դեկտեմբերի 1-ին օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում