Չեմ պատրաստվում վայր դնել Իմ քայլը խմբակցության մանդատս. Հռիփսիմե Գրիգորյան

Չեմ պատրաստվում վայր դնել Իմ քայլը խմբակցության մանդատս. Հռիփսիմե Գրիգորյան

Պատասխանատվության եւ մանդատի հետ կապված. չեմ պատրաստվում վայր դնել Իմ քայլը խմբակցության մանդատս:

Այսօր, առավել քան երբեւէ, մենք ունենք պատասխանատվություն երկիրը կայունացնելու եւ նորից զարգացման ու հզորացման հունի վրա դնելու: Եվ դրան են ծառայելու իմ բոլոր անելիքները, բոլոր ժամերը:

Վարչապետի երեկվա գրառման հետ կապված. դրա բացատրությունը որեւէ այլ կերպ, քան ինչպես բացատրվեց վարչապետի կողմից այսօր իր մամլո ասուլիսին, անընդունելի է: Ես ներողություն եմ խնդրում բոլոր այն քաղաքացիներից, ովքեր առանց որեւէ մանիպուլյացիայի մտքի գրառման մեջ տեսել են այլ մեսիջ: Ներողություն բոլորիցդ:

Նոյեմբերի 7-ից հաստատված դրական թեստով մեկուսացված եմ ամուսնուս հետ միասին: Մինչեւ ապաքինում չեմ կարող ֆիզիկապես ներկա լինել նիստերի եւ այլ պարտականություններ

իս կատարմանը: Շարունակելու եմ տնից պատասխանել բոլոր զանգերին, նամակներին, համակարգել, օգնել ինձ դիմած մեր քաղաքացիներին՝ լուծելու խնդիրներ, անդամ եմ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված Արցախի խնդիրներով աշխատանքային խմբի՝ ձեռնարկատատիրական ոլորտի մասով:

Ապաքինվելուց հետո շարունակելու եմ ի թիվ այլ պարտականություններիս նաեւ այցելել մեր վիրավոր զինվորներին, իմ գործընկեր պատգամավորների հետ շարունակելու եմ հանդիպել ամենատարբեր քաղաքական եւ հասարակական խմբերի՝ համատեղ լուծումներ քննարկելու եւ դրանք կյանքի կոչելու նպատակով:

Եվ նորից կարեւորի մասին. բոլորիս մտքում ու սրտում այսօր պիտի լինի բռնության բացառումը ու հանրության ու ժողովրդի միասնականության ապահովումը:

Նրանք, ովքեր իրապես ու բովանդակապես կգործեն այս ուղղությամբ, կգործեն ի շահ հայ ժողովրդի ու պետականության: Հակառակն անողները չեն ներվելու:

Ու ամենակարեւորը. խոնարհվում եմ, հիանում եմ ու միշտ շնորհակալ կլինեմ իմ բոլոր հայրենակիցներին, մայրերին, հայրերին, եղբայրներին ու քույրերին, ովքեր մեծ ցավը սրտում, այս ամենադժվար պահերին ու օրերին շարունակում են լինել հայրենիքի նվիրյալ, սթափ, ուժեղ ու գործունյա: Դուք եք մեր երկրի միջուկն ու հիմնասյունը: Մեր անմահացած հերոսներին ու ձեզ կյանք եմ պարտական:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում