Փորձում ենք Արցախի ներկայացուցիչներին վերադարձնել Բաքվի հետ երկխոսության. ՔՊ խմբակցության քարտուղար
Արցախցիների շահերը պետք է ներկայացնեն արցախցիները՝ Բաքու-Ստեփանակերտ ձևաչափի միջոցով՝ միջազգային մեխանիզմների հովանու ներքո:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ո՞վ պետք է ներկայացնի արցախցիների շահերը:
«Արցախցիների շահերը պետք է ներկայացնեն արցախցիները՝ Բաքու-Ստեփանակերտ ձևաչափի միջոցով՝ միջազգային մեխանիզմների հովանու ներքո: Հայաստանն այս պահին առաջնորդվում է իր՝ միջազգայնորեն ճանաչված 29 800 քկմ տարածքի սուվերենության պահպանմամբ և Լեռնային Ղարաբաղում ապրող հայ ժողովրդի իրավունքների և անվտանգության իրացմամբ»,-ասաց Հովհաննիսյանը:
Պատգամավորը հավելեց՝ պատկերացնում են, որ դա պետք է տեղի ունենա Բաքու-Ստեփանակերտ խոսակցության միջոցով՝ միջազգային երաշխավորության հովանու ներքո:
«Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը խորացել է Ռոբերտ Քոչարյանի կողմից բանակցային սեղանից Լեռնային Ղարաբաղին դուրս թողնելուց հետո։ Մենք հիմա փորձում ենք բանակցային սեղանին և Բաքվի հետ երկխոսության վերադարձնել Արցախի ներկայացուցիչներին, որտեղ նրանք կկարողանան իրացնել իրենց իրավունքներն այնպես, ինչպես իրենք պատկերացնում են»,-ասաց Հովհաննիսյանը:
Հայաստանի ԱԺ պատգամավորը միևնույն ժամանակ վստահեցրեց, որ արցախցի գործընկերների հետ մշտական կապի մեջ են, նրանք տեղեկացված են բանակցային գործընթացի բոլոր մանրամասներից, տեղեկացված եղել և տեղեկացված են լինելու միշտ:
Կարծիքներ