Վրաստանը մինչեւ 3,5 միլիոն դոլար Է վաստակել խնձորի արտահանումից
2021 թվականի օգոստոսի 1-ից մինչեւ փետրվարի 20-ը Վրաստանից արտահանվել Է 3,4 միլիոն դոլար գումարի 5308 տոննա խնձոր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է երկրի գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության մեջ: Հաշվետու ժամանակաշրջանում արտահանումը գրեթե ամբողջությամբ բաժին Է ընկել Ռուսաստանին (5282 տոննա), Ուկրաինա են արտահանել 30 տոննա, իսկ 6 տոննա՝ Հայաստան:
Խնձորի արտադրությունն ու արտահանումը ավելացնելու նպատակով Վրաստանում իրականացվում Է «Տնկիր ապագա» նոր այգիների հիմնադրման ծրագիրը: Այս ծրագրի շրջանակներում խնձորենու այգիներ են տնկվել 1128 հեկտարի տարածության վրա: Մրգերի արտահանումը դյուրացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստվում եւ տրվում են «մեկ պատուհանի» սկզբունքով: Գործընթացին ներգրավված են ֆիտոսանիտարական եւ մաքսային ծառայությունները:
Վրաստանի կառավարությունը վերջին երկու տարում ֆերմերներին օգնել Է, որպեսզի ոչ ստանդարտ խնձորների բերքն իրացվի սահմանված գներով: Ֆերմերներից ոչ ստանդարտ խնձորներ գնող ձեռնարկությունների սուբսիդավորման պետական ծրագիրն ավարտվել Է դեկտեմբերի 15-ին: Ծրագրի շրջանակներում ձեռնարկությունները վերամշակել են ավելի քան 35 հազար տոննա ոչ ստանդարտ խնձոր, ֆերմերների եկամուտները գերազանցել են 9 միլիոն լարին:
Սուբսիդավորման պետական ծրագրի համաձայն, պետությունը ընկերություններին փոխհատուցել Է մեկ կիլոգրամի դիմաց 0,1 լարի, եթե նրանք ոչ ստանդարտ խնձորները ֆերմերներից ընդունել են մեկ կիլոգրամի դիմաց առնվազն 0,22 լարի գնով: Նաեւ՝ որպեսզի ձեռնարկությունները կարողանան անարգել կերպով ընդունել եւ վերամշակել ոչ ստանդարտ խնձորները, շրջանառու միջոցների համալրման համար նրանք կարող են օգտվել արտոնյալ ագրովարկից:
Ոչ ստանդարտ խնձորների բերքի իրացումը խթանելու ծրագիրը թույլ Է տալիս ֆերմերներին՝ անորակ խնձորները հանձնել ընդունելի գնով: Միեւնույն ժամանակ դա օգնում Է հումքով ապահովել մրգերի վերամշակման ձեռնարկությունները: Կոնցենտրատը, որն ստացվել Է ոչ ստանդարտ խնձորների վերամշակումից, հիմնականում արտահանվում Է Եվրամիության շուկաներ, հաղորդել Է Sputnik-ը:
Կարծիքներ