Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը մեր կարևոր ուղղություններից է լինելու. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման համար առանցքային են հարևան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը կամ զարգացումը: Կառավարության նիստի մեկնարկին ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու: Այս համատեքստում հարկ եմ համարում նշել, որ ցավոք, որոշ ուժեր փորձում են սխալ լույսի ներքո ներկայացնել Հայաստանի մտադրությունները՝ ասելով, թե Հայաստանը զինված ուժերի բարեփոխումները առաջնահերթություն է հռչակել սահմանակից երկրների նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու համատեքստում: Հայաստանը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, և մենք տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունենք: Մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է: Մենք ագրեսիվ որևէ մտադրություն չունենք, և տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է: Մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսություն սկսել այս օրակարգի շուրջ, միջազգային մեր գործընկերների աջակցությամբ, ըստ անհրաժեշտության՝ նաև ուղիղ շփումների միջոցով: Այս հարցերը մենք առավել մանրամասն կքննարկենք կառավարության գործունեության 5-ամյա ծրագրի ընդունման ժամանակ»,- մանրամասնեց վարչապետը:
Նա հավելեց, որ թշնամության և թշնամանքի մթնոլորտի հետագա խորացումը մեր տարածաշրջանում անթույլատրելի է: Վարչապետի խոսքով՝ դա սպառնալիք է ոչ միայն ողջ տարածաշրջանի, այլև միջազգային անվտանգության համար: «Թե թշնամության մթնոլորտի խորացումը ինչպիսի դրսևորումների կարող է բերել, տեսանք Բաքվում բացված, այսպես կոչված, «ավարի պուրակ»-ի օրինակով, որը, կարծում եմ, անարգանք է մեր տարածաշրջանի և տարածաշրջանային քաղաքակրթության հասցեին: Սա ընդգծում եմ ցույց տալու համար, թե որքան հրատապ է այդ հարցի կառավարումը: Թշնամության հաղթահարումը կարող է և պետք է դառնա մեր տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակարգի կարևոր բաղադրիչներից մեկը»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:
Կարծիքներ