Արմանիսի ոսկու հանքից թափոնաջրեր են լցվում Ձորագետը. քաղաքապետն ահազանգում է՝ իրավիճակը լուրջ է (լուսանկարներ)
Լոռու մարզի Արմանիսի հանքավայրից շարունակում են Ձորագետ լցվել մեծ քանակությամբ անհասկանալի նյութեր: Հերթական դեպքը գրանցվել է այսօր, որի մասին բնակիչները զանգահարել են Ստեփանավանի քաղաքապետարան ու լրատվամիջոցներին:
Քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը համապատասխան հանձնաժողովի և ոստիկանության ներկայացուցչի հետ այցելել է Ձորագետի այն հատվածը, որտեղ լցվում են թափոնները: Արդեն տեղում պարզ է դարձել, որ տարօրինակ տեսքով ու հոտով ջուրը լցվելով գետը, փոխում է ջրի գույնը: Քաղաքապետարանում կազմված հանձնաժողովի ներկայացուցիչները գետի երեք հատվածնքերից ջուր են վերցրել, այն կուղարկվի փորձաքննության, իսկ կազմված արձանագրությունը կուղարկվի Լոռու մարզպետարան:
ՀԺ-ի հետ զրույցում Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը հայտնեց, որ սա ոչ առաջին, ոչ էլ ցավոք վերջին ահազանգն է, որը ստացվել ու ստացվելու է թափոնաջրերի՝ գետը թափվելու վերաբերյալ: «Խնդիրն առաջին անգամ չէ, որ բախվում ենք, ամեն անգամ արձագանքոեւմ ենք, բայց այս իրավիճակը շարունակվում է, այսօր էլ գնացել-արձագանքել ենք, գրություններ ենք պատրաստել թե ոստիկանությանը, թե բնապահպանական տեսչությանն ու թե մարզպետարանին, որ զբաղվեն այս խնդրով: Մի անգամ էլ էին փորձաքննություն վերցրել, անալիզներից պարզվել էր, որ ծանր մետաղներ կան այդ ջրերի մեջ, ինչն էլ դարձել էր ձկների սատկելու պատճառ»,- ասաց Միքայել Ղարաքեշիշյանն ու հավելեց, որ խնդիրը երկար տարիների պատմություն ունի. «Միշտ էլ եղել է այս խնդիրը, բայց վերջի 3 տարում ավելի է հաճախացել, մասնագետներն ավելի հստակ կարող են ասել պատճառներն ու պարունակությունը»:
Քաղաքապետն ասում է՝ խնդրի հետ կապված պարբերաբար հանդիպումներ է ունեցել նաեւ հանքի ղեկավար կազմի հետ. «Իրենք Արմանիսում նաեւ անօրինական զավթած հողեր ունեն, բայց չենք կարողանում որեւէ բանակցության գալ, իրենք կամ հրաժարվում են բանակցություններից, կամ գալիս են ու խոչընդոտներ ստեղծում: Թափոնաջրերի մասով ոչ մի բացատրություն չեն տալիս: Պոչամբարները թե համայնքի տարածքում է բարձիթողի թողնված, թե սեփական տարածքներում, թե գետի ափերին է թափված, անձրեւներից հետո էլ թափոնակույտերը ավելի ակտիվ են լցվում գետը՝ մի քանի կողմերից»:
Միքայել Ղարաքեշիշյանն ասում է՝ հանքի ղեկավարությունը որեւէ կերպ չի փորձում համագործակցության եզրեր գտնել համայնքի հետ. «Մենք անընդհատ պահանջներ ենք ներկայացնում, մեր դիրքորոշումն ենք ներկայացնում, հիշեցնում ենք, որ հողեր են զավթել թե համայնքից, թե մասնավորից: Ապօրինի շինություններ ունեն կառուցած, շատ բաներ կան… ես անընդհատ բարձրաձայնում եմ, ահազանգում եմ, բայց գործն առաջ չի գնում»:
Ղարաքեշիշյանն ասում է՝ թափոնակույտերը գործարանը պարբերաբար թափել է որտեղ պատահի, անգամ գյուղացիների տարածքներում. «Տարիներ շարունակ փորձել ենք ամեն կերպ բանակցել, գիտեք իրենց մոտ ոնց է՝ 7 ամիսը մեկ ղեկավար են փոխում, եթե մի ղեկավարի հետ գալիս ենք ինչ-որ մի հայտարարի, արագ փոխում են, նորից սկսում ենք պրոցեսը նոր ղեկավարի հետ, տպավորություն է, որ դիտավորյալ են անում, որ ձգձգեն իրավիճակը: Ես իրենց գլխավոր ղեկավարի հետ էլ եմ Թիֆլիսում հանդիպել, բայց էլի անարդյունք…»:
Կատարված խախտումների վերաբերյալ դիմել են նաեւ ոստիկանություն, հարուցվել են քրեական գործեր, ասաց քաղաքապետը, մեկ անգամ եւս կրկնելով, որ չկա մի իրավասու կառույց, որ դիմած խնդիրը ներկայացրած չլինեն. «Նույն վիճակն ա, էդքան թափած պոչանքները հավաքելու համար տարիներ են պետք»:
Դիտարկմանը, որ ըստ տեղեկությունների՝ «Սագամարի» ոսկու հանքը տեւական ժամանակ է, ինչ չի աշխատում, Միքայել Ղարաքեշիշյանը նկատեց. «Իբր թե չի աշխատում, ոնց չի աշխատում, որ 60 հոգի մարդ է ամեն օր գնում էնտեղ աշխատելու»,-արձագանքեց քաղաքապետը:
Կարծիքներ