ՊԵԿ-ը 100 միլիոն դրամ է փոխանցել հիմնադրամներին
Պատերազմական այս օրերին, Հայաստանում և Սփյուռքում, համայն հայությունը ներգրավված է ռազմաճակատին ամենատարբեր օժանդակություն ցուցաբերելու, ինչպես նաև թիկունքում առաջին անհրաժեշտության աջակցություն տրամադրելու գործին։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է մասնակցությունը համազգային դրամահավաքին: Կոմիտեի աշխատակիցների միահամուռ ջանքերով 25 միլիոն դրամ փոխանցվել է «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի հաշվեհամարին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Միաժամանակ շարունակելով մասնակցությունը համազգային դրամահավաքին՝ ՊԵԿ աշխատակիցները, որպես սոցիալական փաթեթի շահառուներ, իրենց գումարները ևս փոխանցում են «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս պահի դրությամբ հիմնադրամի հաշվեհամարին արդեն իսկ փոխանցվել է շուրջ 75 միլիոն դրամ, և գործընթացը շարունակական է:
Պետական եկամուտների կոմիտեն, պատերազմի առաջին իսկ օրերից անմիջապես նախաձեռնել և միացել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաքին՝ փոխանցելով 30 մլն դրամ: Իսկ օրեր առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից փոխանցվել էր ևս 400 մլն դրամ:
Գործընթացը շարունակական է, և կոմիտեի աշխատակիցներն իրենց ուժերով պարբերաբար աջակցություն են ցուցաբերելու «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» և «Հայաստան» համահայկական հիմանդրամներին:
Մեր երկրի համար այս դժվարին օրերին մեր միասնականությամբ ու մեկտեղված ջանքերով է, որ պետք է հասնենք խաղաղության և ապահովենք Արցախի ու Հայաստանի սահմանների, մեր ժողովրդի անվտանգությունը։
Կոչ ենք անում բոլորին՝ ուժերի ներածին չափով սատար կանգնել մեր հայրենիքին, բանակին, զինվորին և մասնակիցը դառնալ այս չափազանց անհրաժեշտ համահայկական ձեռնարկին։
Փա՛ռք Հայ զինվորներին
Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը
Փա՛ռք Արցախի Հանրապետությանը»,-նշել է նա։
Կարծիքներ