Սերբիայի ԱԺ փոխնախագահը հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Սերբիայի Ազգային ժողովի փոխնախագահ Ստեֆան Կրկոբաբիչը (Stefan Krkobabic) հյուրընկալել է Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչներ Բիլիանա Օբրադովիչ-Շախրիմանյանին և Դարկո Օբրադովիչին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սերբիայի Ազգային ժողովի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հանդիպմանն անդրադարձ է եղել հայ համայնքի գործունեությանը, Սերբիայի և Հայաստանի միջև մարզական, մշակութային և ընդհանուր համագործակցության խորացման հնարավորություններին։
«Մեր պատմական կապերը գալիս են Հայաստան այցելած Սուրբ Սավայի ժամանակներից: Հայ արվեստագետներն ու շինարարները իրենց ներդրումն են ունեցել մեր միջնադարյան եկեղեցիների ու վանքերի կառուցման գործում: Մեր մշակութային և պատմական կապերը ամուր են»,-նշել է Սերբիայի ԱԺ փոխնախագահը: Նա ընդգծել է, որ Սերբիայի ու Հայաստանի երկկողմ համագործակցությունն աճի միտում ունի: Նա հույս է հայտնել, որ Հայաստանը դեսպանություն կբացի Սերբիայում և ակնկալում է համագործակցել հայ համայնքի հետ, որը 2019 թվականից մինչ օրս շատ բան է արել Սերբիայում հայկական մշակույթը, ինչպես նաև սերբական մշակույթը Հայաստանում խթանելու համար։
«Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կնպաստենք Սերբիայի և Հայաստանի միջև ընդհանուր հարաբերությունների հետագա զարգացմանը»,-հավելել է նա:
Բիլիանա Օբրադովիչ-Շախրիմանյանն, իր հերթին, ասել է. «Սերբիայի հայ համայնքը գոհունակություն է հայտնում, որ Սերբիան պահպանում է բազմազգ ներդաշնակությունը, մշակութային բազմազանությունը: Սերբիան մեր երկիրն է, որտեղ մենք ապրում ենք, ստեղծագործում և մահանում: Այսօրվա հանդիպումը հաստատում է, որ Սերբիան լսում է իր փոքրամասնություններին, որոնք իրականում նրա հարստությունն են, քանի որ տարբերությունները միավորում են մեզ»։
Կարծիքներ