Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերված Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը կարող է լուծել նաև Կադաստրի կոմիտեի որոշ կարիքներ.Թովմասյան
Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերված Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը կարող է լուծել նաև Կադաստրի կոմիտեի որոշ կարիքներ, սակայն կադաստրային քարտեզների ուղղման համար կշարունակեն օգտագործվել այլ տեխնոլոգիաներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:
Պատգամավոր Բաբկեն Թունյանը նկատեց՝ նշվում է, որ արբանյակը պետք կգա նաև կադաստրային գործի մեջ, քարտեզագրման մեջ:
«Արբանյակը թողարկվել է մի շարք պետական մարմինների կարիքները բավարարելու համար: Գլոբալ վերլուծությունների համար, այո, Կադաստրի կոմիտեի որոշ կարիքներ այդ արբանյակը և դրա կողմից մատակարարվող տվյալները կարող են լուծել:
Բայց, երբ խորանում ենք ավելի նեղ մասնագիտական, կադաստրային քարտեզների ուղղման և համապատասխան ճշգրիտ սանտիմետրային կոորդինատների ստացման մասով, ապա աշխարհում լավագույն նկարը, որ այսօր հնարավոր է ստանալ այս պահի դրությամբ առանց այդ միջամտությունների, 30 սմ պիքսել ունեցող նկարներն են, որոնք ևս չեն ապահովում այն սանտիմետրային ճշտությունը, որով այսօր աշխարհի բոլոր կադաստրները վարվում են»,-ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարը:
Նա վստահեցրեց՝ մաքսիմալ փորձելու են օգտվել այդ արբանյակի կողմից մատակարարվելիք տվյալներից՝ գլոբալ վերլուծությունների, հողային ֆոնդերի համար: «Իսկ, եթե խոսքը վերաբերվի բուն կադաստրային քարտեզների ուղղման համար օգտագործվող նկարներին, ապա այս պարագայում մենք դեռևս շարունակելու ենք օգտվել այլ տեխնոլոգիաներից, օրինակ՝ ինքնաթիռով նկարահանման մեթոդիկայից, եթե դրա կարիքը հետագայում ունենանք»,-ասաց Թովմասյանը:
Ինչ վերաբերում է արբանյակին, ապա նա ասաց, որ այդ տեխնոլոգիայի ներդրումն ու ստացումը կառավարության կողմից շատ ռազմավարական և կարևոր քայլ էր, որը ապահովելու է տարբեր մարմինների խնդիրների կարգավորումը:
Արբանյակի առկայությունը նաև թույլ է տալու ավելի թարմացված տվյալներ ներբեռնել ազգային գեոպորտալ, որը կադաստրի կոմիտեն մոտ ապագայում գործարկելու է: «Գեոպորտալի բազային շերտերի մեջ ներառվում են հենց արբանյակային և օդային լուսանկարները: Եվ այդ արբանյակային լուսանկարների թարմացումն ազգային գեոպորտալում թույլ կտա մեր քաղաքացիներին ստանալ առժամանակյա ճշգրիտ տեղեկատվություն և տեսնել իրականությունն արդեն համակարգչի վրա»,-ասաց նա:
Կարծիքներ