Սասուն Խաչատրյանը ԱՄՆ դեսպանատան գործընկերների հետ քննարկել է հակակոռուպցիոն համատեղ ծրագրերի ընթացքը

Սասուն Խաչատրյանը ԱՄՆ դեսպանատան գործընկերների հետ քննարկել է հակակոռուպցիոն համատեղ ծրագրերի ընթացքը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է Երևանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի («ԹՊԻՀ», «INL») տնօրեն Ալեքսիս Հաֆթվանիին, ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդի տեղակալ Քևին Օրքինին և ԹՊԻՀ քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին:

Հանդիպման նպատակը ԱՄՆ դեսպանատան և Հակակոռուպցիոն կոմիտեի միջև սերտ համագործակցության օրակարգի շրջանակում արդեն իսկ կատարված որոշակի աշխատանքների արդյունքների ամփոփումն էր, ինչպես նաև նորաստեղծ կառույցին տեխնիկական աջակցության ցուցաբերման, վերապատրաստումների և փորձագետների ներգրավման նպատակով նախատեսվող ծրագրերի քննարկումը:

Շնորհակալություն հայտնելով ամերիկյան կողմին շարունակական աջակցության և արդյունավետ համագործակցության համար՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ներկայացրել է կոմիտեի նախորդ տարվա գործունեության հիմնական արդյունքները՝ միաժամանակ անդրադառնալով կադրերի պատրաստվածությանն ու կարողությունների զարգացմանը վերաբերող հիմնական խնդիրներին ու առաջնահերթություններին: Հաշվի առնելով կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի հարուստ փորձը` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարևորել է այդ կառույցի ներկայացուցիչների օժանդակությամբ Կոմիտեի ծառայողների  մասնագիտական գիտելիքների և կարողությունների կատարելագործումը՝ հատկապես պրակտիկ փորձի և կոնկրետ դեպքերի ներկայացմամբ:

Կողմերը դիտարկել են նաև քննության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու տեխնիկական ավելի մեծ հնարավորություններ ունեցող սարքավորումների ձեռքբերման անհրաժեշտությունը, ինչպես նաև դրանց գործարկման համար պատասխանատու մասնագետների վերապատրաստման հնարավորությունները:

Դեսպանատան ներկայացուցիչները նույնպես շնորհակալություն են հայտնել Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարությանը գործընկերային սերտ հարաբերությունների, բաց և թափանցիկ գործունեության համար՝ ընդգծելով, որ Կոմիտեի հետ տարվող աշխատանքները արդյունավետ համագործակցության շատ լավ օրինակ են: Նրանք հույս են հայտնել, որ հիշյալ համագործակցության շրջանակներում նախանշվող նոր ծրագրերը կիրագործվեն ավելի մեծ արդյունավետությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում