Նրանք շարունակաբար ասում են՝ մենք «Զանգեզուրի միջանցք» ենք ունենալու, մենք էլ Նախիջեւանի միջանցք ենք ունենալու. Փաշինյան
Պատկերացրեք, Հայաստանի տնտեսությունն ինչ փոփոխություններ կապրի, եթե ունենանք երկաթուղի Իրանի Իսլամական Հանրապետության հետ և Ռուսաստանի Դաշնության հետ: Սա մեր կարևորագույն խնդիրն է, որից հետո Հայաստանը հնարավորություն կստանա օգտվելու իր ամենամեծ հարստությունից: Այս մասին այսօր` ապրիլի 18-ին, Զառիթափ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի տնտեսությունը պետք է զարգացնել: Ինչպե՞ս, պետք է գնանք, այո՛, կոմունիկացիաների բացման: Այսօր բոլորն ուզում են վախեցնել՝ ի՞նչպես կլինի, որ Ադրբեջանը Հայաստանով ճանապարհ ունենա դեպի Նախիջևան: Իմիջայլոց, այդ միջանցքի տրամաբանութունը շատ է շահարկվում: Ադրբեջանն անընդհատ հայտարարում է՝ «Զանգեզուրի միջանցք, Զանգեզուրի միջանցք»: Մենք հարց ենք տալիս, ընդգծելով՝ համատեղ ստորագրված փաստաթղթի մեջ ո՛չ Սյունիք, ո՛չ Զանգեզուր, ո՛չ Մեղրի, ո՛չ էլ միջանցք արտահայտություն կա:
Նրանք շարունակաբար ասում են՝ մենք «Զանգեզուրի միջանցք» ենք ունենալու: Լավ, հայտարարում են՝ հայտարարում են, մենք էլ ուրեմն Նախիջևանի միջանցք ենք ունենալու, մենք էլ ուրեմն հյուսիս-ադրբեջանական միջանցք ենք ունենալու: Այսինքն ճանապարհ կտանք՝ ճանապարհի դիմաց: Պատկերացրեք, Հայաստանի տնտեսությունն ինչ փոփոխություններ կապրի, եթե ունենանք երկաթուղի Իրանի Իսլամական Հանրապետության հետ և Ռուսաստանի Դաշնության հետ: Սա մեր կարևորագույն խնդիրն է, որից հետո Հայաստանը հնարավորություն կստանա օգտվելու իր ամենամեծ հարստությունից»,-ասաց նա:
Փաշինյանի խոսքով`Հայաստանը պղնձի պաշարներով ամենահարուստ երկրներից մեկն է. «Այսօր պղինձը հռչակվել է 21-րդ դարի նավթ: Եվ երկու օր առաջ պղնձի գինը սահմանեց պատմական ռեկորդ՝ մեկ տոննայի դիմաց հատեց 9 հազար դոլարը: Բայց մեր ազգային հարստությունից չենք կարողանում լիարժեք օգտվել, որովհետև հանքաքար արտահանող երկիր ենք: Երկաթուղու բացումը մեզ հնարավորություն կտա Հայաստանում պղնձաձուլարան հիմնել: Սա նշանակում է, որ ոչ թե հանքաքար կարտահանենք, այլ մետաղ կարտահանենք, բայց ոչ թե նույնիսկ մետաղ կարտահանենք, այլ մետաղի վերամշակված ապրանք՝ պղնձալար, կաբել: Ինչո՞ւ է պղնձի գինը բարձրանում, որովհետև հիմա էլեկտրոմոբիլների, կանաչ էներգետիկայի, այլընտրանքային էներգետիկայի դար է, իսկ այլընտրանքային էներգետիկայի և էլեկտրոմոբիլների համար ամենակարևոր կոմպոնենտը պղինձն է: Սա նշանակում է՝ կկարողանանք վերականգնել Հայաստանի երբեմնի արդյունաբերության մակարդակը, որովհետև տնտեսությունը կհիմնվի պղնձի վրա, պղինձը կվերամշակվի՝ կդառնա կաբել և տասնյակ այլ արտադրանքներ, արևային պանելներ: Երեք ուղղությունների մասին մեր հիմնական և հիմնարար պատկերացումներն ասացի՝ անվտանգություն, հանրակրթություն, գյուղատնտեսություն և արդյունաբերություն: Այս ճանապարհով մենք պետք է զարգանանք և գնանք առաջ»:
Կարծիքներ