Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի նախագահ Աբասի հետ. Աբասը շնորհավորել է Էրդողանին Սուրբ Սոֆիայի տաճարի` որպես մզկիթ բացման կապակցությամբ

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի նախագահ Աբասի հետ. Աբասը շնորհավորել է Էրդողանին Սուրբ Սոֆիայի տաճարի` որպես մզկիթ բացման կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությանը:

Վարչության տվյալներով` Աբասը շնորհավորել է Էրդողանին և իր գոհունակությունն է հայտնել հուլիսի 24-ին Սուրբ Սոֆիայի տաճարի` որպես մզկիթ բացվելու կապակցությամբ:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային մի շարք հարցեր, Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ վստահեցրել է, որ շարունակելու է իր աջակցությունը Պաղեստինին` Իսրայելի հետ հակամարտության շրջանակում:

Սուրբ Սոֆիայի տաճարը 86 տարի անց` 2020 թվականի հուլիսի 24-ին, բացվել է որպես մզկիթ` փոխելով իր թանգարանի կարգավիճակը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) չեղյալ է հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։

Սուրբ Սոֆիայի պատմությունը սկսվում է հռոմեացի կայսր Կոստանդիանոս Ա Մեծի օրոք: Նա է 324 թվականին հիմնել Կոստանդնուպոլիսը որպես կայսրության մայրաքաղաք: 326-ին Կոստանդիանոսը մայրաքաղաքում կառուցել է առաջին եկեղեցին Սուրբ Սոֆիայի անունով՝ Կոստանդնուպոլսի Օգոստոսյան հրապարակում: Սկզբնական շրջանում այն կոչվում էր Մեծ եկեղեցի, քանի որ չափերով գերազանցում էր Կոստանդնուպոլսի իր ժամանակակից մյուս եկեղեցիներին: Իսկ Սուրբ Սոֆիա անվանումը կառույցին տրվել է ավելի ուշ: Տաճարն առաջին անգամ հրդեհվել է 404 թվականին՝ ժողովրդական ապստամբության ժամանակ: 532 թվականին Թեոդոսիոսի վերակառուցած տաճարը կրկին կործանվել է հրդեհի պատճառով: Հրդեհից քառասուն օր անց Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս Ա-ն պատվիրել է դարձյալ վերակառուցել Սուրբ Սոֆիայի տաճարը, վերակառուցումը տևել է 532-537 թթ.:

1453թ.-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ.-ին Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ.-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

   

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում