Գրադարանավար ու ակումբավար՝ մշակույթի տան փլուզված շենքում. Բագրավանի համայնքապետը չարաշահել է իր լիազորությունները
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում պարզվել են Բագրավան համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները: Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Բագրավան համայնքի ղեկավարը, 2002-2017 թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով նշված պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով և շահադիտական նպատակով, համայնքի երկու բնակչուհիների օժանդակությամբ, համայնքի մշակույթի տան շենքը փլուզված լինելու և չգործելու պայմաններում, նրանցից մեկին հրամանագրել է որպես գրադարանավար, իսկ մյուսին՝ որպես ակումբավար: Վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, կազմել, հաստատել և համայնքապետարանի կնիքով վավերացրել է աշխատավարձի վճարման կեղծ տեղեկագրեր, և նշված փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով ներկայացրել է վճարման՝ արդյունքում համայնքի բյուջեից վատնման եղանակով հափշտակել է նրանց անվամբ որպես աշխատավարձի գումար հատկացված առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ 3.248.526 ՀՀ դրամ գումարը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Բագրավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքի բնակչուհիներից մեկին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Մյուս բնակչուհու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Կարծիքներ