Հայիթիում խոլերայից մահացածների թիվը 2022 թ.-ի հոկտեմբերի սկզբից գերազանցել է 500-ը
2022 թ.-ի հոկտեմբերի սկզբից ի վեր Հայիթիում ավելի քան 500 մարդ Է մահացել խոլերայից: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Նշվում է, որ HaitiLibre տեղական լրատվական հարթակի տվյալներով՝ վարակի կասկածանքով հսկողության տակ Է գտնվում մոտ 22 հազար մարդ, վարակը հաստատվել է 1900 հոգու մոտ։
Հայիթիի Հանրապետությունը, որի բնակչությունը կազմում է մոտ 10,6 միլիոն, Արևմտյան կիսագնդի ամենաաղքատ պետությունն է։ Երկրի բնակչության մոտ 40%-ը մաքուր ջրի մշտական օգտագործման հնարավորություն չունի։
Հայիթիում սոցիալական և տնտեսական իրավիճակը բարդանում է բարձր գնաճի, ազգային արժույթի արժեզրկման և փողոցային ավազակախմբերի բախումների պատճառով, որոնք մի քանի հարյուր մարդու կյանք են խլել։ Խոլերան առանձնապես վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը խոլերայի վիբրիոնն Է:
Այն առաջանում է, երբ հարուցիչն աղտոտված սննդի կամ ջրի հետ հայտնվում է օրգանիզմում: Վարակման ամենատարածված աղբյուրներն են հում կամ ջերմային մշակում չանցած ծովամթերքները, թարմ մրգերն ու բանջարեղենը, ինչպես նաև պատրաստման կամ պահման ժամանակ ախտահարված այլ սնունդ:
Կարծիքներ