ՀՀ-ն կարևորում է ԵԱՏՄ պետությունների ձեռնարկատերերի առևտրատնտեսական շահերը համաշխարհային առևտրում ապահովող իրավական դաշտի ստեղծումը. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունը եվրասիական տնտեսական միության մեջ հատկապես կարևորում է իրավական դաշտի ստեղծումը, որը կապահովի անդամ պետությունների ձեռնարկատերերի առևտրատնտեսական շահերը համաշխարհային առևտրում։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 8-ին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այս տարվա առաջին նիստին:
«Այս համատեքստում կարևոր ենք համարում ԵԱՏՄ անդամ երկրների և Վիետնամի միջև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման մասին արձանագրության ստորագրումը, որը կմեծացնի գործընկեր երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը։
Հայկական կողմը նաև աջակցում է Ասիայի մեր գործընկերներից մեկի՝ Մոնղոլիայի հետ բանակցությունների մեկնարկը նախատեսող փաստաթղթերի փաթեթի ընդունմանը։ Իհարկե, ժամանակավոր առևտրային համաձայնագրի ստորագրումը նոր հնարավորություններ կստեղծի առևտրատնտեսական և կոոպերացիոն փոխգործակցության ընդլայնման համար»,- նշել է ՀՀ վարչապետը։
Կարծիքներ