Վրաստանի հարավում մեկ օրում 3 երկրաշարժ է գրանցվել
Հուլիսի 7-ին 3.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կվեմո Քարթլի շրջանի Սամեբա գյուղի մոտ՝ Դմանիսի քաղաքից (Թբիլիսիից 104 կմ հեռու) 26 կիլոմետր հեռավորության վրա:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 22: 20-ին: Էպիկենտրոնը գտնվել է 9 կիլոմետր խորության վրա, հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը:
Սա մեկ օրվա ընթացքում երրորդ երկրաշարժն է Վրաստանի հարավում: Հուլիսի 7-ի առավոտյան և ցերեկն այդ շրջանում գրանցված մյուս երկու երկրաշարժերի ուժգնությունը կազմել է մոտ 3 մագնիտուդ։
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է: Վրաստանում գրանցված ամենահզոր երկրաշարժը ՝ 7 մագնիտուդով, տեղի է ունեցել 1991 թվականին Ռաչայի և Իմերեթիի շրջաններում (Արևմտյան Վրաստան): Էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 9 բալ: Այս երկրաշարժը հանգեցրել է շուրջ 200 մարդու մահվան, ոչնչացրել գրեթե 46,000 տուն և 1000 արդյունաբերական օբյեկտ:
Կարծիքներ