Աշխարհում այժմ կորոնավիրուսի դեմ 141 պատվաստանյութ է մշակվում․ ԱՀԿ ղեկավար
Ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի դեմ 141 պատվաստանյութի մշակման աշխատանքներ են տարվում, այս մասին գրում է The Washington Post թերթը՝ հղում տալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսին։
ԱՀԿ ղեկավարը նշել է, որ պատվաստանյութի մշակման աշխատանքները սկսվել են վիրուսի մասին համացանցում տեղեկությունների տարածումից անմիջապես հետո։
«Այժմ 141 պատվաստանյութ է մշակվում։ Առաջատարներին (մշակողների շրջանում) հաջողությունից կարող են ամիսներ բաժանել։ Իհարկե, ամբողջական պաշտպանության երաշխիքներ չկան, սակայն մենք հույս ունենք»,- հավելել է Ղեբրեյեսուսը։
Նրա կարծիքով՝ կորոնավիրուսի համավարակը ցույց է տվել, որ միջազգային հանրությունն առողջապահական ճգնաժամերի հաղթահարման հարցում համագործակցության կարիք ունի։
«Մենք ոչ միայն հեռու ենք այս նենգ վիրուսի ռիսկերի չեզոքացումից, այլև մարդկանց մեծամասնությունն առաջվա պես վարակման վտանգի առաջ է կանգնած»,- նշել է ԱՀԿ ղեկավարը։
Նա նաև անհանգստություն է հայտնել առ այն, որ աշխարհն առաջվա պես առողջապահության ոլորտում շարունակում է ապագա վտանգների առաջ չափազանց անպաշտպան մնալ։
Կարծիքներ