ԱՄՆ-ն այս շաբաթ կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների մասին
ԱՄՆ իշխանությունները մտադիր են այս շաբաթ հայտարարել Ռուսաստանի Դաշնության դեմ նոր տնտեսական պատժամիջոցների մասին, Վաշինգտոնը նման քայլերը համակարգում է Եվրոպայում իր դաշնակիցների հետ։ Այս մասին երկուշաբթի օրը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում ասել է ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Այս շաբաթ կարող եք ակնկալել հետագա պատժամիջոցների մասին հայտարարություններ՝ տնտեսական ճնշման լրացուցիչ տարրերի մասին», – ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ իշխանությունները ակտիվորեն աշխատում են եվրոպացի դաշնակիցների հետ՝ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները խստացնելու համար։
«Բուչայից ստացված տեղեկատվությունը, ըստ ամենայնի, լրացուցիչ ապացույցներ է տալիս պատերազմական հանցագործությունների մասին: Ինչպես ասաց նախագահ Ջո Բայդենը, մենք կաշխատենք համաշխարհային հանրության հետ՝ ապահովելու այս հանցագործությունների համար լիարժեք պատասխանատվություն: Մենք նաև ակտիվորեն աշխատում ենք եվրոպացի դաշնակիցների հետ հետագա պատժամիջոցների ուղղությամբ, որպեսզի մեծացնենք ճնշումը և ծախսերը նախագահ Պուտինի և Ռուսաստանի Դաշնության համար», – ասել է նա:
ՌԴ ՊՆ հերքել է Ուկրաինայի Բուչա քաղաքում խաղաղ բնակչության վրա փողոցներում կրակելու վերաբերյալ Ուկրաինայի իշխանությունների մեղադրանքը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բուչայում ստեղծված իրավիճակը կեղծ հարձակում է անվանել։
Կարծիքներ