Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին և Վաղարշակ Հարությունյանին մեղադրում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ

Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին և Վաղարշակ Հարությունյանին մեղադրում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ

Civic.am-ը արդեն տեղեկացրել է, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ներկայացուցիչ Մարտիկ Մարտիրոսյանը երեկ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն։ 

«Հանցագործության մասին հաղորդումը պաշտոնական լիազորությունները չարաշահելու հետ է կապված»,-մեզ հետ զրույցում մանրամասնեց ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը։

Ըստ նրա՝ հաղորդման մեջ նշված է, որ պաշտոնական լիազորություններն առերևույթ չարաշահել են ՀՀ վարչապետն ու Պաշտպանության նախարարը․ «Դատարանի որոշում կա, որ Օնիկ Գասպարյանը պետք է շարունակի պաշտոնավարել և այս պայմաններում նշանակվել է ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար և չի ապահովվել Օնիկ Գասպարյանի պաշտոնավարումը, իսկ դրանից հետո նշանակվել է նոր շտաբի պետ՝ այն դեպքում, որ այդ պրոցեսը պետք է կասեցվեր»,-հավելեց փաստաբանը։

Մարտիկ Մարտիրոսյանի խոսքով՝ հղում են տվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն։ Նրա դիտարկմամբ՝ արարքը դիտավորյալ է կատարվել․ «Մեր կարծիքով առերևույթ առկա է այդ հոդվածի երկրոդ մասը՝ հնարավոր է դիտավորյալ կատարված արարքը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ 

Հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունեն Գլխավոր դատախազություն ուղարկած դիմումից,  փաստաբանն արձագանքեց․ «Մենք կարծում ենք՝ հանցագործության դեպք առերևույթ առկա է, բոլոր դեպքերում պատշաճ քննություն ենք ակնկալում։ Ցավոք սրտի, պրակտիկա ունեցել եմ այլ դեպքերով, պատշաճ քննություն չի իրականացվել և սկսվել է բողոքարկումների պրոցես»։ 

Մեղադրյալների ներգրավվման հարցում՝ փաստաբանն այնուամենայնիվ զերծ մնաց գնահատականներ տալուց, և նշեց, որ կոնկրետ մեղադրյալ ներգրավում են քննչական մարմինները․ «Պետք է պատշաճ քննություն իրականացվի։ Այո, առերևույթ կարծում ենք, որ նման դեպք կարող է լինել։ Եթե պատշաճ քննություն չիրականացվեց մենք պետք է օգտվենք մեր իրավունքներից՝ ըստ կայացված որոշումների, ըստ գործի ընթացքի՝ կորոշենք մեր անելիքները։ Ցանկացած գործողություն, որ կներկայացվի, կտեսնենք հիմնավոր չի, իրավական տեսանկյունից կբողոքարկվի»։ 

Մենք կապ հաստատեցինք նաև ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ՝ հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ վարչապետի դիրքորոշումը լսելու համար, սակայն Մանե Գևորգյանը նշեց, որ զերծ կմնա դիրքորոշում հայտնելուց, քանի որ հարցը գտնվում է իրավական դաշտում։ Իսկ Պն խոսնակ Գևորգ Ալթունյանն էլ նույն հարցի շուրջ մեզ պատասխանելու համար հորդորեց հարցերը գրավոր ներկայացնել։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու առաջարկ էր ներկայացրել ՀՀ նախագահին, սակայն նախագահը առաջարկը չէր ստորագրել և այդ հարցով չէր դիմել ՍԴ սահմանված ժամկետում։ Վարչապետի աշխատակազմը տարածել էր հաղորդագրություն, որ այդ պայմաններում Օնիկ Գասպարյանը համարվում է օրենքի ուժով ազատված։ Այնուհետև ԶՈՒ ԳՇ նախկին պետը հայց էր ներկայացրել Վարչական դատարան, որը վարույթ էր ընդունվել։ Դատարանը նաև կիրառել էր հայցի ապահովում և Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ Գասպարյանը պետք է շարունակեր պաշտոնավարել։ Սակայն այդ ընթացքում ՀՀ վարչապետի կողմից նշանակվել էր արդեն ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար, որից հետո էլ ԶՈւ ԳՇ նոր պետ։  

Նարա Մարտիրոսյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում