ԼՂ-ում ականի վրա պայթած ադրբեջանցին երրորդ անգամ էր այցելում արգելված տարածք

ԼՂ-ում ականի վրա պայթած ադրբեջանցին երրորդ անգամ էր այցելում արգելված տարածք

Թերթերի շրջանի դատախազությունը հաղորդում է ստացել, որ փետրվարի 18-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Թերթերի շրջանի Թալիշ գյուղի տարածքում ականի վրա պայթել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որում գտնվել են ադրբեջանցիներ Բախտիյար Մահմուդովը և Էլշան Աբասովը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Թերթերի շրջանի դատախազությունից հայտնել են՝ նախաքննությամբ պարզվել է, որ Մահմուդովն ականի վրա պայթել է, երբ դուրս է եկել մեքենայից:

Դեպքի վայրում հայտնաբերվել են դիակի մնացորդները, Էլշան Աբբասովը հարցաքննվել է որպես վկա:

Ականի պայթյունի հետևանքով քաղաքացիական անձի մահվան փաստով Թերթերի շրջանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 100.2-րդ, 116.0.6-րդ և 120.2.4-րդ հոդվածներով:

Հետաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Բախտիյար Մահմուդովը նախկինում երկու անգամ ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից՝ այդ տարածք անօրինական ներխուժման համար: Այս մասին հայտնում է Minval.az կայքը:

Այս տարվա հունվարին և փետրվարին Բախտիյար Մահմուդովը և նրա եղբայր Շախրիյարը երկու անգամ ձերբակալվել են ոստիկանության կողմից: Երկու դեպքում էլ նրանց նկատմամբ վարչական պատժամիջոցներ են կիրառվել:

Դատարանի որոշմամբ՝ Շախրիյարը կալանավորվել էր վարչական կարգով, իսկ Բախտիյարը՝ տուգանվել: Բախտիյարի երրորդ փորձը՝ հայտնվելու նույն տարածքում, նրա մահվան պատճառն է դարձել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում