Դեն Բրաունը պատմում է իր հեղինակած «Վայրի սիմֆոնիա»-ի մասին. նախագիծը Երևանում կներկայացվի հուլիսի 24-ին
Բազմաթիվ բեսթսելերների հեղինակ, ամերիկացի գրող Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա» ստեղծագործությունը հուլիսի 24-ին կներկայացվի Երևանում, այս մասին տեղեկացրեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Վայրի սիմֆոնիա» գրքի շնորհանդեսը, որը լույս է տեսել «Զանգակ» հրատարակչության ջանքերով։ Այնուհետև կցուցադրվի նկարազարդ հեքիաթի էկրանավորումը, որը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարմամբ։ Համերգը նախատեսված է 3 և ավելի բարձր տարիքի երեխաների համար։
«Վայրի սիմֆոնիա» ստեղծագործության հեղինակ Դեն Բրաունը, պատմելով գրքի ստեղծման մասին, նշում է, որ փոքր հասակից սիրել է երաժշտությունը։ Եվ ահա մի օր էլ սկսել է մտածել, թե այդ սերն ինչպես փոխանցի փոքրիկներին, ու գրել է «Վայրի սիմֆոնիա» գիրքը։
Հեքիաթը դիրիժոր մկնիկի մասին է, որը պատրաստվում է համերգ կազմակերպել և նվագախմբում նվագելու համար հրավիրում է անտառի իր ընկերներին։ Նրանցից յուրաքանչյուրը, երաժշտությունը ներկայացնելուց բացի, ընթերցողներին է փոխանցում մի փոքրիկ իմաստություն կյանքից՝ պահպանել անհատական կերպարը, ընկնելուց հետո ոտքի կանգնել ու շարունակել աշխատել։
«Վայրի սիմֆոնիա»-ի շրջանակներում յուրաքանչյուր կենդանու համար գրվել է այնպիսի երաժշտություն, որն արտահայտում է նրա առանձնահատկությունները։
Հեղինակն, այս նախագիծը ստեղծելով, կիրառում է նոր տեխնոլոգիաներ՝ հնարավոր դարձնելով ընթերցանության և ունկնդրության համաժամանակյա փորձառությունը։
Կիրառվել են թվային տեխնոլոգիաներ՝ նախագիծը մերօրյա երեխաներին ավելի գրավիչ դարձնելու համար։
Այս ստեղծագործության շնորհիվ մանուկները ծանոթանում են սիմֆոնիկ երաժշտությանը, նվագախմբի կազմին, երաժշտական գործիքներին։
Կարծիքներ