Մոտ 140 զոհ, 300-ից ավելի վիրավոր, ավերված ենթակառուցվածքներ, գրավված ատոմակայան. ռուս-ուկրաինական հակամարտության 1 օրը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ամփոփելով ռազմական գործողությունների առաջին օրը, հայտնել է, որ մեկ օրում Ուկրաինայի 137 քաղաքացի է զոհվել, 316-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակը»
«Ուկրաինական բանակը, սահմանապահները, ոստիկանական ուժերը և հատուկ ծառայությունները կասեցրել են թշնամու հարձակումները: Հակամարտության լեզվով սա կարելի է անվանել օպերատիվ դադար», - ասել է Զելենսկին գիշերային տեսաուղերձում։
Նրա խոսքով՝ Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերը «գերազանց են գործում» և «հուսալիորեն պահում» Խարկովը։
«Ամենախնդրահարույց իրավիճակը հարավում է: Մեր զորքերը ինտենսիվ մարտեր են մղում Խերսոնի արվարձաններում: Թշնամին ճնշում է օկուպացված Ղրիմից՝ փորձելով շարժվել դեպի Մելիտոպոլ: Երկրի հյուսիսում թշնամին կամաց-կամաց առաջ է շարժվում Չեռնիգովի շրջանում, բայց կա մեկը, ով նրան հետ է պահում»,- խոստովանել է Զելենսկին:
Նա նաև հայտարերել է, որ ռուս զինվորականներ են գերի վերցվել։ Ուկրաինական լրատվամիջոցները լուսանկար են հրապարակել:
Կիևը նաև հաղորդել է մի քանի կործանված ինքնաթիռների, ուղղաթիռների և ոչնչացված զրահատեխնիկայի մասին: ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է այս լուրերը։
Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են Ղրիմից ռազմական շարասյունների հեռանալու կադրեր, իսկ ուկրաինական լրատվամիջոցները՝ հակառակորդի զինտեխնիկայի խափանման մասին։
Դեռևս այս կոչից առաջ Զելենսկին Twitter-ում ասել էր, որ ռուսական զորքերը փորձում են գրավել Չեռնոբիլի ատոմակայանը։
Ուշ երեկոյան Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ ռուս զինվորականները գրավել են կայանը։
«Դաժան մարտից հետո Չեռնոբիլի տեղամասի նկատմամբ մեր վերահսկողությունը կորցրել ենք: Նախկին Չեռնոբիլի ատոմակայանի օբյեկտների վիճակը, արգելափակումը և միջուկային թափոնների պահեստավորումը անհայտ են: Այս ուղղությամբ ռուսների բացարձակ անիմաստ հարձակումից հետո, անհնար է ասել, որ Չեռնոբիլի ատոմակայանը անվտանգ է, սա այսօր Եվրոպայի ամենալուրջ սպառնալիքներից մեկն է»,- զգուշացրել է Պոդոլյակը։
Ռուսաստանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այս լուրերը:
Ուկրաինայի նախագահը ողջ օրը կոչեր է հնչեցրել ազգի համար, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիների, որոնց կոչ է արել ընդդիմանալ պատերազմին։ Առավոտյան Զելենսկին հայտարարել էր ռազմական դրություն մտցնելու մասին, կեսօրից հետո հայտարարեց Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին, հետո հրամանագիր էր ստորագրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին։
Կեսօրին CNN-ի թղթակիցը նկարահանել է Կիևի մերձակայքում գտնվող Անտոնով օդանավակայանում ռուսաստանցի զինվորականների վայրէջքը։ Իրենք՝ զինվորականները, լրագրողին ասել են, որ հսկողության տակ են վերցրել այս օդանավակայանը։
Ուկրաինայի ՆԳՆ-ն պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել մարտը Գոստոմել գյուղի մոտ գտնվող այս օդանավակայանի համար։
«Ուկրաինայի ազգային գվարդիայի արագ արձագանքման բրիգադը Գոստոմելում կռվել է հակառակորդի դեմ։ Գվարդիականները 34-ից ուղղաթիռից 3-ը խոցել են։ Միևնույն ժամանակ գործում էին ռուսական գրոհային ինքնաթիռներ, կործանիչներ և ուղղաթիռներ։ Ազգային գվարդիայի զինվորականները ստիպված են եղել հրետանային հարված հասցնել այն օդանավակայանին, որտեղ իջել են հակառակորդի զորքերը։ Բրիգադը վերախմբավորվել է։ Կորուստների մասին տվյալները ճշտվում են»,- հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ–ն։
Կիևում և Խարկովում պարետային ժամ է մտցվել (այն կգործի 22։00-ից)։ Այս քաղաքներում իշխանությունները բնակչությանը հորդորել են ապաստանել մետրոյում։ Գնացքները կանգնեցվել են մետրոյում, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան այնտեղ ապաստան գտնել։ Երեկ ռուսական հրթիռային հարվածների թիրախների թվում օբյեկտներ են եղել մայրաքաղաքի Բորիսպիլի օդանավակայանում։
Զելենսկու և Ուկրաինայի անվտանգության ուժերի հետ միաժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր ճեպազրույցներն անցկացրել է ողջ օրվա ընթացքում։ Նրանք հերքել են կորուստները և խոստովանել միայն մեկ Սու-25 գրոհային ինքնաթիռի ընկնելու մաին, այն էլ՝ «օդաչուական սխալի հետևանքով»։ Արդեն երեկոյան զինվորականները հաստատել են, որ Վորոնեժի մոտ մեկ այլ ինքնաթիռ՝ ռազմատրանսպորտային Ան-24-ն ընկել է, անձնակազմը մահացել է։ Պատճառը նշվել է տեխնիկական անսարքությունը:
Օրվա ընթացքում ռուս զինվորականները պնդում էին, որ իրենց հարվածների արդյունքում ավերվել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 74 ցամաքային օբյեկտներ, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի 11 օդանավակայան, երեք հրամանատարական կետ և ռազմածովային բազա։ Ռուս զինվորականների տվյալներով՝ ոչնչացվել են նաև S-300 և Buk-M1 հակաօդային պաշտպանության համակարգերի 18 ՌՏԿ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ չի հարվածում քաղաքներին, սակայն ուկրաինական լրատվամիջոցները հրապարակել են վնասված տների լուսանկարներ և հայտնել խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխայի մահվան մասին։ Բացի այդ, Ուկրաինայի իշխանությունների տվյալներով, Օդեսայի մարզի Լիպեցկոե գյուղում 11 տղամարդ և 11 կին մահացել է զորամասի վրա հրթիռակոծության հետևանքով։ Մարիուպոլի վարչակազմը հայտնել է միկրոշրջաններից մեկի գնդակոծության մասին։
Երեկոյան գերատեսչության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը նոր թվեր է հայտնել՝ հարձակման են ենթարկվել 83 ցամաքային ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, խոցվել են երկու Սու-27, երկու Սու-24, մեկ ուղղաթիռ և չորս «Բայրակտար» անօդաչու թռչող սարքեր։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը կեսօրին հայտնել է, որ Ռուսաստանը 203 հարձակում է իրականացրել։
Մոսկվայի տվյալներով՝ Դոնեցկի և Լուհանսկի զինված կազմավորումներին ռուսական հրետանու և բանակային ավիացիայի կրակային աջակցությամբ հաջողվել է ճեղքել Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը և առաջխաղացնել 6-8 կմ խորությամբ։ Կողմերը զեկուցել են Շչաստիա և Ստանիցիա Լուգանսկա քաղաքում տեղի ունեցած մարտերի մասին, սակայն դրանց ելքը այլ կերպ են գնահատել։
Կարծիքներ