Արցախի միջազգային ճանաչումից հետո հնարավոր կլինի դիտարկել Հայաստանի կազմ մտնելու հարցը. Բեգլարյան

Արցախի միջազգային ճանաչումից հետո հնարավոր կլինի դիտարկել Հայաստանի կազմ մտնելու հարցը. Բեգլարյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները շարունակելու են միջազգային ճանաչմանն ուղղված իրենց ջանքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ: Արցախի անկախության միջազգային ճանաչումից հետո հնարավոր կլինի դիտարկել նաև հանրապետության՝ Հայաստանի կազմ մտնելու հարցը»,- հայտարարել է Բելգարյանը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանն այս պահին «իրեն ուժեղ է զգում», բացի այդ՝ այդ երկիրը ռազմաքաղաքական աջակցություն է ստանում Թուրքիայից, այդ պատճառով Արցախի իշխանություններն ուղիներ են փնտրելու, որպեսզի «աստիճանաբար, քայլ առ քայլ լուծեն իրենց խնդիրները, իսկ հետագայում արդեն՝ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների միջոցով»: Բեգլարյանի խոսքով՝ դրա համար Ադրբեջանը պետք է պատրաստ լինի խաղաղության:

Նա տեղեկացրել է, որ Արցախի իշխանությունները Երևանի հետ բանակցություններ են տանում Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ: «Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ բանակցություններ են տարվում, շփումներ են իրականացվում, սակայն ներկայում տվյալ հարցում առաջընթաց չկա»,- ասել է Բեգլարյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում