Հայաստանի կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի Արցախի Հանրապետությանը
ՀՀ կառավարության որոշմամբ Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 13.4 մլրդ դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ Ֆինանսների նախարարությունից։
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այդ գումարից 1.2 մլրդն ուղղվելու է բնակիչների կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագրին, իսկ 12.2 մլրդ դրամը հատկացվելու է որպես միջպետական վարկ:
«Չնայած այն հանգամանքին, որ Արցախում տնտեսական կյանքն աստիճանաբար վերականգնվում է, և ավելանում են նաև Արցախի պետական բյուջեի հարկային եկամուտները, դրանք դեռևս բավարար չեն կենսական նշանակության սոցիալական և տնտեսական նշանակության ծրագրերի ամբողջական ֆինանսավորումն իրականացնելու համար»,- կառավարության նիստում նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ սա նույնաբնույթ արդեն երրորդ որոշումն է:
Միջպետական վարկը Արցախի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001% տոկոսադրույքով՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով։ Արցախի Հանրապետությանը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացվող ֆինանսական օժանդակությունը նախատեսված է սեպտեմբեր ամսվա համար աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահական ծախսերի, ինչպես նաև բնակչության էլեկտրաէներգիայի, գազամատակարարման ծառայությունների գծով ֆինասնավորման համար:
Կարծիքներ