ԵՄ-ն ու ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարությանն են նվիրաբերել 100 թթվածնի խտացուցիչ
Եվրոպական միությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՀՀ առողջապահության նախարարությանն են նվիրաբերել 100 թթվածնի խտացուցիչ, որոնք կօգնեն պացիենտներին ապաքինվել COVID-19-ի հետևանքով առաջացած ծանր հիվանդությունից: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Սարքերը տրամադրվել են երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության` առավել լայն փաթեթի շրջանակում:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն այցելել են ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»` սարքավորումների առաքանին ստանալու համար:
Թթվածնի խտացուցիչները COVID-19-ով հոսպիտալացված հիվանդներին թթվածնով ապահովելու ոչ ինվազիվ միջոց են: Նման հավելյալ թթվածինն առաջին անհրաժեշտ քայլն է COVID-19-ի ծանր ընթացքի դեպքում արյան մեջ թթվածնի ցածր մակարդակ ունեցողների բուժման համար:
COVID-19-ի հետևանքով ստեղծված ճգնաժամի սկզբից ի վեր ԵՄ-ն և ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակն ակտիվորեն աջակցում են Հայաստանին կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում: Այս աջակցությունը տրամադրվում է COVID-19-ի համավարակին ուղղված ԵՄ արձագանքման շրջանակում։ Ծրագրի շրջանակում 2020 թվականին տրամադրվել են 100 թթվածնի խտացուցիչ, որոնք բաշխվել են COVID-19 սպասարկող հիվանդանոցներին՝ օգնելով հարյուրավոր պացիենտների։ Նաև տրամադրվել են 50 հազարից ավելի անհատական պաշտպանիչ միջոցներ, 20 էլեկտրասրտագրության սարք և 11 պացիենտի մոնիտոր։ Ազգային լաբորատորիաներին տրամադրվել է 20 հազար բարձրորակ ՊՇՌ թեստ։ Առաջիկա ամիսներին Հայաստան կառաքվեն 22 արհեստական շնչառության սարք և 7 ֆլյուրոսկոպիայի ստացիոնար սարքավորում։
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին մշտական աջակցության համար, հատկապես կորոնավիրուսային հիվանդության համաճարակի դեմ պայքարում և ընդգծել, որ թթվածնի խտացուցիչները կթեթևացնեն COVID-19-ով պացիենտների վիճակը և կօգնեն բուժման գործընթացում:
Կարծիքներ