Կձևավորվի Ներքին գործերի նախարարություն. օրենսդրական փաթեթը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ
Կառավարությունն առաջարկում է ձևավորել Ներքին գործերի նախարարություն: ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում: Օրենսդրական փաթեթով առաջարկվում է նաև դադարեցնել Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը:
Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանի խոսքով առաջին ընթերցման ժամանակ փաթեթը քննարկվել է բավականին դետալային: Արփինե Սարգսյանը նշել է, որ երկրորդ ընթերցման փուլում Կառավարությունը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնց մի մասը տեխնիկական բնույթի են:
Օրենսդրական փաթեթը լրացվել է մեկ օրենքի նախագծով ևս, որը վերաբերում է «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքին: Փոխնախարարի խոսքով՝ փաթեթը լրամշակվել է վերոնշյալ օրենքով այն պարզ տրամաբանությամբ, որ ՆԳՆ-ն մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիավորման ոլորտում քաղաքականության մշակման ֆունկցիա է ունենալու, ուստի և տրամաբանական է, որ ոստիկանության պետին փոխարինի ՆԳ նախարարը:
Միակ բովանդակային փոփոխությունը, ըստ փոխնախարարի, վերաբերում է աշխատանքային միգրացիային, որը հանվել է ՆԳՆ լիազորության տիրույթից. այն կշարունակի մնալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տիրույթում:
Հստակեցվել են ոստիկանության կարգապահական կանոնագրքում առկա փոփոխությունները: «Կառավարության մոտեցումն այն է, որ հատկապես ոստիկանության ծառայողների նկատմամբ կարգապահական վարույթը պետք է իրականացնի հենց ՆԳՆ կազմում գործող Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը՝ օբյեկտիվությունն ապահովելու համար»,- ասել է նա:
Պահպանվել է նաև Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի գաղափարը: Արդարադատության փոխնախարարը նշել է, որ մասամբ ընդունվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած առաջարկը:
ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը հետաքրքրվել է, թե արդյոք ՆԳ նախարարության ձևավորմամբ աշխատատեղերի կրճատումներ չե՞ն լինի՝ նախարարությունների միավորման արդյունքում:
Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանի տեղեկացմամբ՝ նոր նախարարության ձևավորումը ենթադրելու է կառուցվածքային փոփոխություն, և կլինեն նաև հաստիքների կրճատումներ, սակայն հաստիքների ահռելի թվի կրճատում չի լինի:
Հանձնաժողովն օրենսդրական փաթեթին տվել է դրական եզրակացություն:
Կարծիքներ