ԱՄՆ-ը սառեցրել է զորքերի զգալի մասը Գերմանիայից դուրս բերելու որոշումը
ԱՄՆ-ը կասեցնում է իր զորքերի զգալի մասը Գերմանիայից դուրս բերելու որոշումը, որն ավելի վաղ կայացրել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության ղեկավար, գեներալ Թոդ Ուոլթերսին:
Նրա խոսքով, նախորդ վարչակազմի այս նախաձեռնությունը սառեցված էր: ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտնել է բոլոր տարբերակներն ուսումնասիրելու համար մանրակրկիտ ստուգում իրականացնելու, ապա դրանցից յուրաքանչյուրի ռազմավարական վերլուծություն կատարելու անհրաժեշտության մասին:
Ուոլթերսի խոսքով, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը «գտնվում է ԱՄՆ նախորդ վարչակազմի որոշման շատ մանրակրկիտ վերանայման փուլում»:
2020թ.-ի հուլիսի 29-ին ԱՄՆ նախկին պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հայտարարեց Գերմանիայից 11.9 հազար զինծառայողների դուրսբերման մասին: Ենթադրվում էր, որ նրանցից 6.4 հազարը կվերադառնա հայրենիք, իսկ մոտ 5.6 հազարը կտեղափոխվի Իտալիա և Բելգիա: Անցած տարվա հոկտեմբերին հաղորդվել էր նաև, որ ԱՄՆ-ն ուսումնասիրում է ԳԴՀ-ից Բուլղարիա, Ռումինիա և Բալթյան երկրներ զորքեր տեղափոխելու հնարավորությունը:
Կարծիքներ