Սաուդյան իշխանությունները թույլ կտան երկրից դուրս գալ միայն լրիվ պատվաստվածներին
Սաուդյան Արաբիայի իշխանությունները օգոստոսի 9-ից թույլ կտան երկրից դուրս գալ միայն այն քաղաքացիներին, որոնք ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունը Թվիթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Վիրուսի [COVID-19] [նոր] շտամների ի հայտ գալու եւ այդ շտամների դեմ պայքարում պատվաստանյութի մեկ չափաբաժնի արդյունավետության նվազման համատեքստում», ինչպես նաեւ ելնելով այն բանից, որ «ողջ աշխարհի երկրները բախվում են [կորոնավիրուսի] համավարակի նոր ալիքներին», որոշվել է պարտավորեցնել բոլոր քաղաքացիներին «ստանալ նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը թագավորության սահմաններից դուրս գալու համար», ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։
Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նոր միջոցները ուժի մեջ կմտնեն օգոստոսի 9-ից։ Միեւնույն ժամանակ, բացառություն կկազմեն մինչեւ 12 տարեկանները, պայմանով, որ նրանք կներկայացնեն թագավորության կենտրոնական բանկի հաստատած ապահովագիր, որը կապահովի COVID-19-ի հետ կապված ռիսկերից, ինչպես նաեւ այն քաղաքացիները, որոնք արդեն հիվանդացել են կորոնավիրուսով ոչ ավելի, քան վեց ամիս առաջ, կամ էլ հիվանդացել են դրանով ու ստացել մեկ չափաբաժին պատվաստանյութ։
Սաուդյան Արաբիայում հավանություն են տվել կորոնավիրուսի դեմ չորս դեղամիջոցի՝ ամերիկյան Moderna եւ Johnson & Johnson, բրիտանա-շվեդական AstraZeneca եւ ամերիկյան Pfizer ընկերության ու դրա գերմանական գործընկեր BioNTech-ի դեղամիջոցը։ Բացի այդ, սաուդյան իշխանությունները անվտանգ են համարում տարբեր դեղամիջոցներով մեկ մարդու պատվաստումը առաջին եւ երկրորդ չափաբաժինների դեպքում։
Կարծիքներ