Իրանի արտգործնախարարը Դոհայում հանդիպել է Կատարի էմիրի և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի հետ
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի էմիր, շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։ Այնուհետև Իրանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղաքական բյուրոյի ղեկավարի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ԻՐՆԱ գործակալությունից։
Կողմերը քննարկել են պաղեստինաիսրայելական վերջին հակամարտությունը և կարևորել են Իրանի և Կատարի միջև խորհրդակցություններն ինչպես երկու երկրների, այնպես էլ տարածաշրջանի երկրների շահերի, այդ թվում՝ Պաղեստինի ժողովրդին աջակցության տեսանկյունից։
Իրանի ԱԳ նախարարը և Կատարի էմիրը դատապարտել են Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում։
Իրանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել նաև ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի հետ: Վերջինս Ամիր Աբդոլլահիանին տեղեկացրել է Գազայում տիրող իրադրության մասին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Գազայում պաղեստինյան առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 7-ից Իսրայելի ավիահարվածների հետևանքով 8525 պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ 3542 երեխա։ Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման անակնկալ հարձակման հետևանքով իսրայելական կողմում զոհերի թիվը 1400 է։ Իսրայելի բանակը հայտնել է նաև, որ վերջին հակամարտության ընթացքում զոհված զինվորականների թիվը 315 է։ ՀԱՄԱՍ-ի կողմից գերի է պահվում Իսրայելից առևանգված 240 մարդ։
Կարծիքներ