Առաջին միջազգային մրցույթում Մեծ Մրցանակը և Բացարձակ հաղթողի տիտղոսը նվաճել է Նարեկ Հեքեքյանը

Առաջին միջազգային մրցույթում Մեծ Մրցանակը և Բացարձակ հաղթողի տիտղոսը նվաճել է Նարեկ Հեքեքյանը

Ռուսաստանում անցկացվող «Մետաքսե ուղի» երաժշտական կատարողականության, Սերգեյ Պրոկոֆևին նվիրված Առաջին միջազգային մրցույթում Մեծ Մրցանակը և Բացարձակ հաղթողի տիտղոսը նվաճել է մեր հայրենակից՝ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սան, թավջութակահար ՆԱՐԵԿ ՀԵՔԵՔՅԱՆԸ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի փոքրիկ երգիչների ֆբ-յան էջը։

 

Այս օրերին Մոսկվայի շրջանի Կոլոմնա քաղաքում անցնում էր մրցույթի Եզրափակիչը՝ Գրանդ-Ֆինալը, որտեղ բացարձակ հաղթողի տիտղոսի համար մրցում էին մրցույթի առաջին՝ առցանց փուլի երեք մեծ ստուգատեսներում ընտրված՝ տարբեր անվանակարգերի հաղթողները։

Եզրափակչում լարայինների անվանակարգում, տարբեր ազգերի մրցակիցների հետ պայքարում Մեծ մրցանակը նվաճեց Նարեկ Հեքեքյանը, որը բազում այլ միջազգային մրցույթների դափնեկիր է։

 

Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցի սանը սովորում է վաստակաշատ մանկավարժ ՏԻՐՈՒՀԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ դասարանում։

Ռուսաստանում կայացած մրցույթում հայ պատանու մասնակցությունը հնարավոր դարձավ «ԱՐՏԻՍ ՖՈՒՏՈՒՐԱ» Մշակույթի և Արվեստի զարգացման և պահպանման միջազգային հիմնադրամի աջակցության շնորհիվ, հանձինս հիմնադրամի համանախագահներ ԱՐԱՔՍՅԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԻ և ՀԱՍՄԻԿ ՉԱԽՄԱԽՉՅԱՆԻ։

 

Մեծ Մրցանակին արժանանալուց հետո Նարեկին վստահվեց օգոստոսի 3-ին Գալա-համերգի և Գլխավոր Մրցանակաբաշխության արարողության եզրափակիչ ելույթի պատիվը։ Առաջարկվեց կատարել իր մրցութային ծրագրի ստեղծագործություններից մեկը՝ Բախ, Ռախմանինով, Պոպպեր... Նարեկը ոչ մեկը չընտրեց, ասաց՝ Կոմիտասի Ծիրանի ծառն եմ նվագելու, ես ուզում եմ, որ այս դահլիճում այսօր հայկական երաժշտություն հնչի։

 

Այսպես, հայկականն ու հայի խոսքը հնչեցնելով, մշակույթով, համառ աշխատանքով ու նպատակասլացությամբ՝ մեր վաղվա օրվա սերունդը հաջողում է մեր ասելիքը տեղ հասցնել։

Օգոստոսի 4-ին Մոսկվայի շրջանի Կոլոմնա քաղաքի «Օզեռովի Տան» դահլիճում տեղի կունենա մրցույթի հաղթողների ելույթը «Tchaikovsky orchestra» կամերային նվագախմբի հետ, դիրիժոր՝ Սերգեյ Լուրան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում