Մեծ թվով քաղաքացիներից խարդախությամբ խոշոր գումարներ են հափշտակվում. ՔԿ-ն զգուշացնում է
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին շրջանում Երևան քաղաքի բազմաթիվ բնակիչներից անդադար ստացվում են խոշոր գումարների հափշտակության` նույնաբնույթ հանցագործությունների զոհ դառնալու վերաբերյալ ահազանգեր և հաղորդումներ։
«Մասնավորապես, անհայտ անձինք զանգահարում են տարբեր քաղաքացիների և տեղեկացնում, թե իբր այլ երկրում գտնվող իրենց հարազատը դարձել է ավտոպատահարի պատճառ, և տուժողի բուժման համար անհրաժեշտ է գումար փոխանցել: Դրանից հետո ինչ-որ մարդիկ այցելում են տվյալ քաղաքացիների բնակարաններ և, օգտվելով վերջիններիս հուզական վիճակից, նրանցից խաբեությամբ վերցնում են տարբեր չափերի, ընդհուպ առանձնապես խոշոր չափերի գումարներ ու հափշտակում դրանք:
Նշված եղանակով կատարված խարդախություններից տուժած քաղաքացիների թիվն արդեն իսկ գերազանցում է հարյուրը։
Ներկայացված հաղորդումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության բաժիններում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով:
Քրեական վարույթներով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ վարութային, ինչպես նաև ոստիկանության կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` դեպքերի հանգամանքները, հանցագործություն կատարող անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։
Հաշվի առնելով, որ նման ահազանգերը չեն դադարում` ՀՀ քննչական կոմիտեն ազգաբնակչությանը զգուշացնում է անծանոթ անձանցից նման տեղեկություններ ստանալիս խուճապի չմատնվել և հապճեպ քայլերի չդիմել՝ հարազատներին օգնելու նպատակով։
Անհրաժեշտ է առաջնահերթորեն ձեռնարկել լրացուցիչ միջոցներ՝ հաղորդակցության այլ միջոցներով հարազատների հետ կապ հաստատելու ուղղությամբ, կատարել լրացուցիչ ճշգրտումներ և ստացված տեղեկատվության իսկության, ինչպես նաև իրենց հետ կապ հաստատած և գումար ստացող անձի վստահելիության մեջ համոզվելուց հետո միայն դիմել քայլերի, հնարավորության դեպքում առհասարակ խուսափել առձեռն գումարներ փոխանցելուց։
Այս ամենով հանդերձ, հարկ ենք համարում քաղաքացիներին հորդորել, որ խաբեության փաստն արձանագրելու կամ նման կասկածներ ունենալու դեպքում անհրաժեշտ է անմիջապես իրենց հետ կապ հաստատած անձանց վերաբերելի բոլոր տվյալները փոխանցել իրավապահ մարմիններին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ