Վարչապետը հանդիպեց Կատարի էմիրի և վարչապետի հետ, ստորագրվեցին մի շարք պայմանագրեր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էմիրի Դիվանում հանդիպեց Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի և Կատարի վարչապետ, ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանիի հետ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հայկական կողմից հանդիպման ներկա էին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Հանդիպումներից հետո ստորագրվեց մի շարք փաստաթղթեր. Կատարի պետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդալռահման Ալ Թանին և ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ստորագրեցին Հայաստանի և Կատարի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև «Արմենպրես» լրատվական գործակալության և Կատարի ազգային լրատվական գործակալության միջև լրատվության փոխանակման մասին փոխըմբռնման հուշագիրը, Կատարի մունիցիպալ հարցերի կառավարման նախարար Աբդալլահ բին Աբդալազիզ Ալ-Սուբեյհին և Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ստորագրեցին մայրաքաղաքներ Երևանի և Դոհայի միջև քույր քաղաքների հռչակման համաձայնագիրը, Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինը և ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ստորագրեցին Հայաստանի և Կատարի միջև կրթության, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների բնագավառում համագործակցության համաձայնագիրը,Կատարի համալսարանի ռեկտոր Հասան բն Ռաշիդ ալ-Դարհամը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ստորագրեցին երկու համալսարանների միջև համագործակցության համաձայնագիրը։
Երկու երկրների միջև ստորագրվեց նաև առողջապահության, զբոսաշրջության ոլորտներին առնչվող համագործակցության պայմանագրեր։
Օրվա վերջում վարչապետը նաև կհանդիպի Կատարի ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Ալ-Մահմուդի հետ։
Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցն է Կատարի Պետություն։
Կարծիքներ