Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Սլովենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
Մայիսի 21-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սլովենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։
Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
Հայկական պատվիրակությունը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, իսկ սլովենականը՝ Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Հյուսիսային Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Դեյան Վլադիչը:
Կողմերն ընդգծել են Հայաստանի և Սլովենիայի միջև քաղաքական երկխոսության հետագա խորացման կարևորությունը։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի իրագործման հնարավորություններն ու հեռանկարները։
Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ դինամիկ զարգացող գործընկերության օրակարգին առնչվող հարցերին:
Անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումներին և դրանց հնարավոր անվտանգային ազդեցություններին: ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետը զրուցակցին է ներկայացրել ՀՀ դիրքորոշումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Կարծիքներ