Ֆրանսիայում 6 երեխայի սխալմամբ COVID-ի դեմ պատվաստանյութի կրկնակի չափաբաժին են ներարկել
Ֆրանսիական Լե-Ման քաղաքում 5-11 տարեկան 6 երեխաների սխալմամբ ներարկել են կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNtech պատվաստանյութի կրկնակի դեղաչափ։ Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Le Figaro-ն։
Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ դեռահասների պատվաստման կենտրոններից մեկում ներարկվել է Comirnaty դեղամիջոցի 20 մկգ՝ նշված տարիքի երեխաների համար նախատեսված 10 մկգ-ի փոխարեն։
«Վեց երեխա ստացել է Comirnaty/Pfizer պատվաստանյութի սխալ չափաբաժին՝ 20 մկգ: Արձանագրելով այս անոմալիան, ի լրումն տվյալ պատվաստանյութերի դեղաչափերի համար ձեռնարկված միջոցառումների, պատվաստումների կենտրոնի բժիշկն անմիջապես կապ է հաստատել ընտանիքների հետ՝ նրանց տեղեկացնելու և անհրաժեշտ հաջորդ քայլերը պլանավորելու համար», – նշված է հաղորդագրությունում:
Հաղորդվում է, որ անչափահասներից 5-ի մոտ գերդոզավորման ախտանիշներ չեն եղել: Նրանցից մեկն ունեցել է հոգնածություն ու մարմնի ցավեր:
Ընդ որում, բժիշկները նախազգուշացրել են, որ հնարավոր հետևանքները կարող են լինել ջերմությունն ու մարմնի ցավերը։
Պարբերականը հիշեցնում է, որ ԱՄՆ-ում Pfizer/BioNtech ընկերության պատվաստանյութ ստացած 5-11 տարեկան երեխաների շրջանում արձանագրվել է միոկարդիտի 8 դեպք։
Կարծիքներ