Հինգ համեմունք, որոնք կօգնեն վերահսկողության տակ պահել արյան մեջ շաքարի մակարդակը
Շաքարային դիաբետն ամենավտանգավոր ու տարածված հիվանդություններից մեկն է, որի դեպքում մարդիկ ստիպված են մշտական վերահսկողության տակ պահել արյան մեջ շաքարի մակարդակի ցուցանիշը՝ թույլ չտալով, որ այն նորմայից բարձր կամ ցածր լինի։ Սովորաբար այս հիվանդության դեպքում մասնագետները նշանակում են հատուկ դեղամիջոցներ, սակայն գոյություն ունեն նաև շատ օգտակար սննդամթերքի տեսակներ, որոնք կօգնեն կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակն ու պահել այն նորմայի սահմաններում անգամ առանց դեղորայքի։
Մասնագետները ներկայացրել են հինգ տարածված ու համեղ համեմունք, որոնք կօգնեն վերահսկողության տակ պահել արյան մեջ շաքարի մակարդակը։
Շամբալա
2009 թվականին անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ շամբալայի սերմերը դրական ազդեցություն են ունենում արյան մեջ շաքարի մակարդակի վրա և կարգավորում են երկրորդ տիպի շաքարային դիաբետով հիվանդների օրգանիզմում լիպիդների մակարդակը։ Այս համեմունքը նաև պարունակում է մեծ քանակությամբ մանրաթելեր, որոնք կլանում են ածխաջրերն ու շաքարը։
Կոճապղպեղ
Այս համեմունքի դրական ազդեցությունն առողջական վիճակի ու արյան մեջ շաքարի մակարդակի վրա նույնպես գիտականորեն ապացուցվել է, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս հաճախ ուտեստներին կոճապղպեղ ավելացնել։
Քրքում
Հետազոտությունները ցույց են տվել, որ քրքումի ակտիվ բաղադրիչը՝ քրքումինը շատ արդյունավետ միջոց է շաքարային դիաբետի և դրա հետ կապված խանգարումների բուժման ու կանխարգելման համար։ Քրքումն օժտված է հակաբորբոքային, հակաօքսիդանտային ու հակասկլերոտիկ հատկություններով։ Բացի այդ, այն պաշտպանում է սրտամկանն ու օգնում է նվազեցնել քաշը, ուստի շատ օգտակար է ամբողջ օրգանիզմի համար։
Սխտոր
Այս տարածված մթերքը բարելավում է ինսուլինի նկատմամբ օրգանիզմի զգայունությունն ու այս հորմոնի արտադրությունը՝ դրանով իսկ օգնելով նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։ Գիտնականներն ապացուցել են, որ սխտորն իսկապես բարելավում է արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկման գործընթացը երկրորդ տիպի շաքարային դիաբետով հիվանդների մոտ։ Այն պարունակում է ծծմբի բաղադրիչներ, որոնք պաշտպանում են թթվայնացման վնասվածքներից ու նվազեցնում են խոլեստերինի մակարդակը։
Հալվե վերա
Հետազոտությունները ցույց են տվել, որ հալվե վերայի հյութը կամ հալվե վերայի հյութ պարունակող սննդային հավելումները նվազեցնում են արյան մեջ շաքարի մակարդակը։ Ավելին՝ հալվե վերայի գելն ընդունելը նպաստում է քաշի նվազմանը, իսկ դրա արտաքին գործածությունն օգնում է պայքարել այտուցների, խոցերի ու վերքերի դեմ։
Կարծիքներ