Ռուսաստանն ակնկալում է, որ ոչ ոք չի խանգարի Անդրկովկասում իրադրության կարգավորմանը. Լավրով
Ռուսաստանն ակնկալում է, որ ոչ տարածաշրջանային խաղացողները չեն միջամտի Անդրկովկասում իրադրության կարգավորմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի իր պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք հուսով ենք, որ մեր որոշ ոչ տարածաշրջանային գործընկերներ չեն միջամտի այդ գործընթացներին (խմբ.՝ Անդրկովկասում կարգավորմանը), կողմերին կուղղորդեն դեպի ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների խստիվ իրականացում», - նրա խոսքն է մեջբերում ТАСС գործակալությունը:
Դիվանագետն ընդգծել է, որ այդ պայմանավորվածությունները «մնում են աշխատանքի շարունակման հիմքը»։
Ռուսաստանը, Լավրովի խոսքով, հանդես է գալիս տարածաշրջանում գտնվող երկրների միջև համագործակցության խորացման օգտին։
«Մենք ողջունում ենք մեր աջակցությամբ մեկնարկած Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ողջունում ենք տարածաշրջանում տրանսպորտային կապերի, հաղորդակցությունների ապաշրջափակման և, իհարկե, Հարավային Կովկասի հետկոնֆլիկտային վերականգնմանն ուղղված ջանքերը», - ասել է Սերգեյ Լավրովը:
Կարծիքներ