Մրգի և բանջարեղենի գներն աճել են 17.1%-ով՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.5% գնաճի ֆոնին

Մրգի և բանջարեղենի գներն աճել են 17.1%-ով՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.5% գնաճի ֆոնին

Հայաստանում 2021-ի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ։ 2020-ի դեկտեմբերի համեմատ գրանցվել է 4.5% գնաճ, ինչին մեծապես նպաստել է մրգի` 9.5% (2020-ի հունվարի համեմատ՝ 12.0% գնաճ) և բանջարեղենի` 23.0% (2020-ի հունվարի համեմատ՝ 9.9% գնաճ) գների բարձրացումը: 

Ինչպես տեղեկացանք ՀՀ վիճակագրական կոմիտեից, այս տարվա հունվարին անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 17.1%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում  ունենալով  8.35% տեսակարար կշիռ՝ նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի (2.2%) աճին 1.4 տոկոսային կետով:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021-ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ գներն աճել են 16.9%-ով, իսկ դեկտեմբերի համեմատ՝ 3.2%-ով (արևածաղկի յուղի միջին գնաճը 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ կազմել է 44.3%, իսկ 2020-ի դեկտեմբերի համեմատ՝ 6.7%): Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում այդ ցուցանիշները կազմել են 8.4% և 1.0% (հացի և ալյուրի գնաճը 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ կազմել է, համապատասխանաբար, 7.9% և 12.5%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.8% և 1.6% ):

«Կաթնամթերք, պանիր և ձու» ապրանքախմբում անցյալ ամիս 2020-ի հունվարի համեմատ արձանագրվել է 7.7%, իսկ դեկտեմբերի համեմատ՝ 0.9% գնաճ: Ձվի գինը աճել է համապատասխանաբար, 26.4% և  2.7%-ով:

Շաքարի և շաքարավազի գները 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ աճել են 40.7%-ով, իսկ դեկտեմբերի համեմատ՝ 0.7%-ով, մսամթերքինը՝ է 0.1 և 0.2%-ով։

Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում այս տարվա հունվարին անցյալ տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է 10.8%, իսկ. դեկտեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ (ալկոհոլային խմիչքի միջին գնաճը 2021-ի հունվարին 2020-ի հունվարի համեմատ կազմել է 12.9%, իսկ 2020-ի դեկտեմբերի համեմատ՝ 1.1%):

2021-ի հունվարին դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկան և ծովամթերքի՝ 0.1%, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 1.1%, սուրճի, թեյի կակաոյի՝ 1.2% գնաճ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում