ՌԴ վարչապետը կարևորեց ԵԱՏՄ-ում կլիմայական օրակարգի ձևավորումը
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կլիմայական օրակարգը ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության նոր և հեռանկարային ուղղություններից մեկն է համարում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին իր ելույթում Միշուստինը նշեց, որ ԵԱՏՄ-ում բոլորը շատ լավ հասկանում են իրենց պատասխանատվությունը շրջակա միջավայրի վիճակի համար։
«Պետք է առավել ակտիվ լինենք և մասնակցենք գլոբալ օրակարգի ձևավորմանը։ Կլիմայի խնդիրները միայնակ արդյունավետ լուծել հնարավոր չէ։ Միայն միավորելով ջանքերը՝ մենք կլուծենք այդ խնդիրը», - հայտարարեց Միխայիլ Միշուստինը։
Ըստ ՌԴ վարչապետի՝ ավելի վաղ ԵԱՏՄ երկրների ղեկավարները կլիմայի վերաբերյալ հատուկ հայտարարություն էին ընդունել:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր միասնականացնել ստանդարտները ածխածնի հաշվետվության ոլորտում, քննարկել կլիմայական նախագծերի և տեխնոլոգիաների ստեղծումը, որոնք հիմնված են առանց ածխածնի էներգիայի աղբյուրների վրա։ Ռուսաստանը պատրաստ է ակտիվ աշխատել մոտեցումների համաձայնեցման ուղղությամբ, որպեսզի լիարժեք օգտագործվի մեր երկրների կուտակած փորձը, այդ թվում ՝ «կանաչ» տեխնոլոգիաների ոլորտում»,- եզրափակեց Միշուստինը։
Կարծիքներ