Նռնակով բանկ ներխուժած քաղաքացին ձերբակալվել է
Մայիսի 24-ին Աբովյանի Օգոստոսի 23 փողոցի 1/2 հասցեում գործող «Արդշինբանկ»-ի մասնաճյուղ նռնակով զինված ներխուժած քաղաքացին ձերբակալվել է։
Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Մայիսի 24-ին Աբովյան քաղաքում տեղակայված բանկի մասնաճյուղ մեկ անձի կողմից նռնակով զինված ներխուժելու և սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով (ահաբեկչություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերք ապօրինի շրջանառությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այդ գործողության արդյունքում տուժած անձինք չկան, նշված անձը, ով Կոտայքի մարզի 50-ամյա բնակիչ, վնասազերծվել է և ձերբակալվել։
Քննչական խումբը դեպքի վայրում իրականացնում է անհրաժեշտ և ահետաձգելի քննչական գործողություններ։
Դեպքի պարզված հանգամաքների վերաբերյալ հետագայում ՀՀ քննչական կոմիտեն, ելնելով ձեռք բերվող տվյալներից և նախաքննության ընթացիկ արդյունքներից, հետագայում տեղեկատվություն կհրապարակի»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնել էինք, մայիսի 24-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում. նռնակով կամ նռնակներով զինված տղամարդը Աբովյան քաղաքում մտել էր Օգոստոսի 23 փողոցի 1/2 հասցեում գործող «Արդշինբանկ» և սպառնացել բանկը պայթեցնել:
Կարծիքներ