Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին

«Էստոնիայի հետ մենք ունենք բարեկամական հարաբերությունների շատ լավ պատմություն: Այդ պատմության հիմքերի վրա երկու երկրների համագործակցությունը զարգացնելու իրատեսական նախադրյալներ կան: Որպես Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար` կարևորում եմ համագործակցությունը նաև երկու երկրների օրենսդիր մարմինների միջև խորհրդարանական հարթակում»,- ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հուլիսի 8-ին Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի հետ հանդիպման ժամանակ:

Էստոնիայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ օրակարգային են փոխադարձ այցերն ու հանդիպումները, քննարկումներն ու մի շարք ոլորտներում համագործակցության ակտիվացումը:

Բարեկամական խմբի ղեկավարը հավելել է, որ միջխորհրդարանական ձևաչափը լավագույն հարթակն է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար, իսկ փոխադարձ այցերն ու անմիջական շփումները նոր շունչ կհաղորդեն միջխորհրդարանական համագործակցությանը: Նա նաև ընդգծել է, որ էստոնական հաջողված փորձը միշտ օրինակելի է եղել Հայաստանի համար մի շարք բնագավառներում, ինչպիսիք են թվային տեխնոլոգիաները, կրթությունն ու առողջապահությունը, և կա ներուժ այդ ոլորտներում ակտիվ համագործակցության համար:

Արսեն Թորոսյանը նշել է, որ Հայաստանն իր գործընկերներից, այդ թվում` Էստոնիայից, ակնկալում է աջակցություն մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործում` դիվանագիտական ջանքերի գործադրման միջոցով, ինչը, ի վերջո, կբերի տարածաշրջանի երկրների միջև խաղաղության հաստատման, որը կարևոր է ոչ միայն մեր տարածաշրջանի երկրների համար, այլ ավելի լայն համատեքստում` հաշվի առնելով վերջին շրջանի աշխարհաքաղաքական զարգացումները, և դրա հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամն ու ավանդական տրանսպորտային հաղորդակցությունների խափանումը մեր մայրցամաքի արևելյան և արևմտյան հատվածների միջև:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում