Կխստացվեն հակահամաճարակային կանոնները, կգանձվեն դիմակ կրելու կանոնները խախտելու համար սահմանված տուգանքները. Փաշինյան
Պարետատան նիստից հետո ընթացող ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ քանի դեռ կորոնավիրուսային թվերի առումով հակառակ դինամիկան չի արձանագրվում, գնալու են հակահամաճարակային կանոնների խստացման: «Այլընտրանք չկա»,- նշեց վարչապետը:
«Խստացումների փաթեթը կարող է ամենատարբեր ուղղություններն ունենալ: Կարող եմ արձանագրել, որ մեզ մոտ հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերն առավել ցայտուն արտահայտություններ են ստանում: Ունենք նաև քրեական գործ, երբ դրական ախտորոշում ունենցող քաղաքացին տաքսի ծառայություն է մատուցել. իրավապահներն արձանագրել են, և քրեական գործ է հարուցվել»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ վարչական իրավախախտումների ընթացակարգերով մոտենում է այն ժամկետը, երբ դիմակ կրելու կանոնները խախտելու համար կազմված արձանագրություններով սահմանված տուգանքները պետք է սկսեն նաև բռնագանձվել:
«Քննարկում ենք մտցնել օրենսդրական այնպիսի փոփոխություններ, որ տուգանքի նշանակումից մինչև գանձելու պահը կարճ տևի: Այս քայլերին մենք գնում ենք ոչ թե մեր սիրելի հայրնակիցներին տուգանելու համար, այլ պարզապես ուզում ենք ասել, որ յուրաքանչյուրն ունի չտուգանվելու շանս, երաշխիք, և այդ երաշխիքը հենց հակահամաճարակային կանոնների պահպանումն է»,- նշեց վարչապետը:
Համատարած և ամենուր, ըստ Փաշինյանի, դիմակ պետք է կրեն բոլորը: Այն ոչ թե չվարակվելու, այլ չվարակելու երաշխիք է:
Կարծիքներ