Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը կրում է ռազմավարական բնույթ. Արթուր Դավթյան

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը կրում է ռազմավարական բնույթ. Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը սեպտեմբերի 8-ին մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 6-րդ նիստին, որն անցկացվել է առցանց՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: Բացի ՀՀ-ից, նիստին մասնակցել են նաև պատվիրակություններ Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Մոլդովայից, ինչպես նաև՝ ԱՊՀ գործադիր կոմիտեից:

Քննարկվել են Միջպետական խորհրդի նախորդ նիստին ընդունված որոշումների, ԱՊՀ անդամ երկրների համագործակցության համաձայնագրից բխող հակակոռուպցիոն կոնցեպցիայի իրականացման ընթացքները, կոռուպցիայի դեմ պայքարի իրավական և կազմակերպական հիմքերի զարգացմանն ուղղված քայլերը, այս ոլորտում ԱՊՀ անդամ երկրների միջև փոխգործակցությունը: Անդրադարձ է կատարվել նաև քրեական հետապնդման շրջանակներից դուրս կոռուպցիոն իրավախախտումների բացահայտման  մեխանիզմներին: Կայացվել են որոշումներ Խորհրդի հաջորդ նիստի անցկացման, ինչպես նաև Խորհրդի նոր ղեկավար կազմի վերաբերյալ:

Նիստի ընթացքում մասնակից երկրների գլխավոր դատախազները, պատվիրակությունների ղեկավարները ներկայացրել են ներպետական մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարի իրենց պրակտիկան, խնդիրները և դրանց լուծման ընտրած կառուցակարգերը:

Այս շրջանակներում ելույթ է ունեցել նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով վերջին տարիներին ՀՀ-ում իրականացվող կոռուպցիայի հակազդման օրենսդրական, ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքն ու միջանկյալ արդյունքները: Մասնավորապես, Արթուր Դավթյանը նշել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը կրում է ռազմավարական բնույթ և իրականացվում է բազմաշերտ ծրագրերի միջոցով:

«Ես ուրախ եմ արձանագրել, որ մեր նախորդ նիստից հետո Հայաստանի Հանրատետությունն էական առաջընթաց է արձանագրել կոռուպցիայի հակազդման՝ առաջնահերթություն հռչակված բոլոր ուղղություններով և գործարկել է այդ պայքարի կատարելագործմանը և արդյունավետության բարձրացմանը միտված անհրաժեշտ կազմակերպա-իրավական կառուցակարգերը»,-նշել է ՀՀ գլխավոր դատախազը:

Որպես օրեսդրական և համակարգային բարեփոխումների կենսագործվող բաղադրիչներ՝ նա շեշտադրում է կատարել ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում՝ նաև միջազգային-իրավական համագործակցության խթանման նպատակով կատարված փոփոխությունների և լրացումների, ՀՀ դատախազության կողմից մշակված և ներդրված՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության քրեաիրավական և կրիմինալիստական առանձնահատկությունները և բնութագրիչները հստակեցնող մեթոդական ուղեցույցի, ՀՀ-ում Հակակոռուպցիոն կոմիտեի, կոռուպցիոն հանցագործությունների քննության ոլորտում մասնագիտացած դատարանի ստեղծման վրա:

ՀՀ գլխավոր դատախազը գործընկերներին տեղեկացրել է նաև ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի դատախազության մեկամյա փորձն ու արդյունքները՝ համոզմունք հայտնելով, որ ստեղծված մեխանիզմները դառնալու են կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական արդյունավետ գործիքներից մեկը:

Արթուր Դավթյանը հաստատել է գործընկեր երկրների իրավասու մարմինների հետ կոռուպցիայի հակազդման ոլորտում համագործակցությունը զարգացնելու ՀՀ դատախազության պատրաստակամությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում