Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Լյուքսեմբուրգի հավասարակշված և անաչառ դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում
Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 8-ին հանդիպեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենի հետ:
Հանդիպմանը երկուստեք կարևորվեց քաղաքական երկխոսության շարունակականությունը, որի խթանման գործոններից է նաև խորհրդարանական դիվանագիտությունը:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ բարձր է գնահատում Լյուքսեմբուրգի հավասարակշված և անաչառ դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում` երախտագիտություն հայտնելով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի կողմից 2020 թ. հոկտեմբերի 16-ին և 2020 թ. դեկտեմբերի 24-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի կարևորությունն ընդգծող բանաձևերի ընդունման կապակցությամբ:
Զրույցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ անհրաժեշտ է նաև խթանել միջխորհրդարանական համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում: Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահն իր աջակցությունը հայտնեց Հայաստանում ժողովրդավարական արժեքների զարգացմանն ուղղված գործընթացներին:
Զրուցակցի խնդրանքով ԱԺ նախագահը տեղեկատվություն տրամադրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլից` պատմելով նաև Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և նրանց վերադարձնելու կապակցությամբ տարվող աշխատանքների մասին:
Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ հայկական կողմն ապավինում է իր բոլոր գործընկերների աջակցությանը` ռազմագերիների շուտափույթ արձակումն ապահովելու համար:
Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գործընկերոջը հրավիրեց պաշտոնական այց կատարել Հայաստանի Հանրապետություն` ՀՀ-ի և Լյուքսեմբուրգի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ` միաժամանակ հավելելով, որ կարելի է քննարկել խորհրդարանների մակարդակով երկու երկրների մայրաքաղաքներում համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությունը:
Կարծիքներ