Գերմանիան պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 26-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Գերմանիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը` կարևորելով միջխորհրդարանական համագործակցության խթանումը նաև փոխայցերի ձևաչափով:
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել գերմանացի գործընկերներին Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների շարունակական աջակցության համար, կարևորել կանցլեր Օլաֆ Շոլցի ներդրումը Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման գործընթացում:
«Մեծապես գնահատում ենք 2018 թվականից ի վեր ՀՀ-ում հաստատված ժողովրդավարական ամուր արժեքները և պատրաստ ենք աջակցել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,- նշել է Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերը:
Ալեն Սիմոնյանը գերմանացի գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության հետևանքները, բարձրացրել հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը, որի նկատմամբ Ադրբեջանը ցուցաբերում է ապակառուցողական մոտեցում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Գերմանիա միջխորհրդարանական հարաբերությունների, Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման, Հարավային Կովկասում անվտանգության հաստատման և մի շարք այլ հարցերի շուրջ:
Կարծիքներ