Ավելի քան 300 մեծ բեռնատարներ են կուտակվել Ռուսաստանից դեպի Վրաստան ճանապարհին

Ավելի քան 300 մեծ բեռնատարներ են կուտակվել Ռուսաստանից դեպի Վրաստան ճանապարհին

Ռազմավիրական ճանապարհին՝ Վրաստանի հետ Ռուսաստանի սահմանին 300 մեծ բեռնատարների հերթ է գոյացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունում։

Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալներով՝ էլեկտրոնային հերթում կա ավելի քան 2200 ավտոմեքենա։

«Վերին Լարսում» կայանված է 140 միավոր մեծաբեռնատար փոխադրամիջոց, ճանապարհին՝ 160», - հայտնել են Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունում։

Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքի տվյալների համաձայն՝ «Վերին  Լարս» բազմակողմ ավտոմոբիլային անցակետում այս պահին էլեկտրոնային հերթում կա 2 233 ավտոմեքենա, որոնցից 150-ը գտնվում է կանաչ գոտում։

Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ավելի վաղ Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով Վլադիկավկազ–Լարս հատվածում ապրիլի 5-ից 6-ն արգելվել է մեծաբեռնատար փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ:

Ռազմավիրական ճանապարհը տանում է Վլադիկավկազից Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մնացած երկրների հետ։ Ռուսաստանի հատվածում մայրուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում