Դատարանն արդարացրեց Սերժ Սարգսյանին՝ հանցակազմի բացակայության հիմքով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով վճիռը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ՝ Սերժ Սարգսյանը, Բարսեղ Բեգլարյանը և Գևորգ Հարությունյանը առաջադրված մեղադրանքներում արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Դատարանի որոշմամբ վերացվեցին Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի և Գևորգ Հարությունյանի խափանման միջոցները՝ երկրից բացակայելու արգելքը։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:
Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չէր ընդունում։
Կարծիքներ