Շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգով կձևավորվեն նախաորակավորված մասնակիցների ցուցակներ
Գործադիրը հաստատել է Մարդկային զոհերի, մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդու կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգը:
Ըստ հիմնավորման, կառավարությունը պետք է հաստատի «Գնումների մասին» օրենքի համապատասխան հոդվածի կիրառմամբ շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգը, որը պետք է նախատեսի կարգավորումներ գնման գործընթացի մրցակցային և թափանցիկ իրականացման, պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման և նրանց միջև մրցակցության խրախուսման վերաբերյալ:
Մասնավորապես նախատեսվում է, որ ճանապարհների և տրանսպորտային օբյետների հետ կապված շինարարական աշխատանքների, դրանց ձեռք բերման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնման գործընթացները, ներառյալ նախաորակավորման ընթացակարգերը կազմակերպվում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից: Նախատեսվում է նաև, որ շենքերի և շինությունների հետ կապված շինարարական աշխատանքների, դրանց ձեռք բերման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնման գործընթացները, ներառյալ նախաորակավորման ընթացակարգերը կազմակերպվում են Քաղաքաշինության կոմիտեի կողմից:
Նշված կարգի համաձայն պատվիրատուները կազմակերպում են նախաորակավորման գործընթաց, որի համար անհրաժեշտ որակավորման չափաանիշները սահմանվում են սույն կարգով: Նշված գործընթացի արդյունքում հաստատվում են նախաորակավորված մասնակիցների ցուցակները: Իսկ կարիքի առաջացման դեպքում պատվիրատուները հրավեր են ուղարկում այդ ցուցակում ներառված մասնակիցներին, որոնք կարող են հրաժարվել հայտ ներկայացնելուց:
Ինչպես նշել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ցուցակում կարող են ներառվել այն կազմակերպությունները, որոնք կբավարարեն որոշմամբ սահմանված չափանիշները: Մասնավորապես՝ կազմակերպությունը պետք է նորաստեղծ չլինի, պետք է ունենա առնվազն 5 տարվա ընթացքում գոնե 3 պայմանագիր, որը պատշաճ կատարել է: Օրինակ՝ ճանապարհների դեպքում պահանջվելու է, որ այդ կազմակերպության 3 պայմանագրերի հանրագումարային արժեքը պակաս չլինի 3 մլրդ դրամից:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է նախատեսվող փոփոխությունները ոլորտում իրականացվող բաևեփոխումների շրջանակում: «Մենք այս մեխանիզմը ստեղծում ենք, որպեսզի ունենանք գործընկեր ընկերությունների ցանկ, որոնց հետ արագ կկարողանանք աշխատել»:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ կոմիտեն նույնպես ակտիվ մասնակցել է նախագծի մշակման աշխատանքներին.
«Կուզենայի նշել, որ գործող կարգերով տնտեսվարողների ընտրության պարագայում ռիսկերը հիմնականում ընկնում են պատվիրատուի վրա, իսկ այս պարագայում, ունենալով նախաորակորված կազմակերպությունների ցանկը, մենք կկարողանանք զգալի նվազեցնել այդ ռիսկերը»:
Կարծիքներ