ԱՄՆ-ի Սենատում Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման դեպքում պատժամիջոցների հավանական փաթեթի շուրջ քվեարկություն կլինի
ԱՄՆ Սենատի անդամներն այսօր կքվեարկեն Ռուսաստանին դատապարտող և Ուկրաինայում հիպոթետիկ էսկալացիայի հետևանքների մասին նախազգուշացնող բանաձևի շուրջ։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնին:
«Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա վաղը: Ակնհայտ է, որ մենք ունենք կոնսենսուս», - ասել է սենատորը բանաձևի քվեարկության հավանական ժամկետի մասին, որը նախապես պաշտպանել են ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչները։
Associated Press-ը ավելի վաղ պարզաբանել էր, որ բանաձևն իրավական ուժ չունի և չի մտնում Կոնգրեսի վերին պալատում քննարկվող հակառուսական պատժամիջոցների փաթեթի մեջ։ Նշվում է, որ դա կլինի ամերիկացի օրենսդիրների կողմից Ուկրաինային աջակցելու ազդանշան, քանի որ նրանք չեն կարողանում համաձայնության գալ Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումներ մտցնելու հարցում։
Անցյալ շաբաթ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ Կոնգրեսում հակառուսական նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ հանրապետականների և դեմոկրատների քննարկումները դադարեցվել են օրենսդիրների միջև տարաձայնությունների պատճառով: Նրանք, իբր, կոնսենսուսի չեն եկել, թե Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում ինչ սահմանափակող միջոցներ կարող են ձեռնարկվել ռուսական բանկային հատվածի, ինչպես նաև «Հյուսիսային հոսք 2» գազատարի նկատմամբ։ Պատժամիջոցների կիրառման հետ կապված օրինագծերը Կոնգրեսի վերին և ստորին պալատների քննարկմանը ներկայացվում են ամերիկյան երկու կուսակցությունների ներկայացուցիչների կողմից։
Կարծիքներ